Միայնակ չինացին որոշել է Վալենտինի օրը փչացնել սիրահարների տրամադրությունը: Նա հավաքել է համախոհների խումբ և գնել է Շանհայի կինոթատրոններից մեկի՝ փետրվարի 14-ի բոլոր սեանսների տոմսերը: Այդ երեկո ցուցադրվելու էր «Պեկինյան սիրո պատմություն» ֆիլմը: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Նույն աղբյուրի համաձայն, այդ խումբը կազմակերպվել է համացանցում: Նրանք այնպես են գնել տոմսերը, որպեսզի սիրահար զույգերը չկարողանան նստել կողք կողքի: «Ուզում եք ֆիլմ դիտե՞լ սիրահարների օրը: Կներեք, ստիպված եք լինելու առանձին նստել: Սերն ամրանում է տարածության վրա: Մի հնարավորություն էլ մեզ` միայնակներիս տվեք»,- ասվում է խմբի կողմից տարածված հայտարարության մեջ:
Կազմակերպիչն ասել է, որ սկզբում ցանկացել է միայնակ գնել բոլոր տոմսերը, սակայն հաշվարկել է, որ չի կարողանա դա անել: Ստիպված դիմել է համացանցի օգնությանը: