Մաշա Մնջոյանը 2013 թվականի մարտին հաղթեց “Հայաստանի ձայնը”նախագծի առաջին եթերաշրջանում, հուլիսին 7-րդ տեղը զբաղեցրեց “Նոր ալիք” միջազգային մրցույթում, իսկ սեպտեմբերին դարձավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող: 18-ամյա երգչուհին BRAVO.am-ին պատմել է, թե իրադարձություններով հագեցած նախորդ տարվանից հետո ինչ ծրագրեր ունի այս տարի:
Նա փետրվարի 22-ին եւ 23-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կմասնակցի “70-ականների Երեւան” խորագրով համերգներին.“Շատ ուրախ եմ, որ նույն բեմում ելույթ կունենամ Զառա Տոնիկյանի, Էռնա Յուզբաշյանի եւ մյուս արտիստների հետ: Երգերն արդեն ընտրված են, երաժիշտների հետ փորձերն ենք անում: Նույն կազմով մարտին կմեկնենք Լոս Անջելես` ելույթ ունենալու ամերիկաբնակ հայերի համար”:
“Հայաստանի ձայնը” նախագծի ավարտից հետո Մաշան աշխատում է առանց պրոդյուսերի, բայց պայմանագիր ունի “Արմենիա” հեռուստաընկերության հետ. “Անկեղծ ասած` իմ պրոդյուսինգով զբաղվելու լուրջ առաջարկ չեմ ստացել: Նա պետք է շատ վստահելի մարդ լինի եւ ինձ համար մտածի այնքան շատ, որքան` ծնողներս: Իսկ իմ մարզիչ Սոնան պրոդյուսերից էլ ավելին է, իր խորհուրդներով շատ է օգնում ու քաջալերում: Եթե նա առաջարկի ռուսաստանյան համերգների մասնակցել, մեծ հաճույքով կհամաձայնեմ”:
Խոսելով իր հաղթանակի եւ դրանից հետո տեւական լռության մասին` նա նշել է, որ հնարավորության դեպքում ավելի հաճախ ելույթ կունենա.“Եթե չլիներ “Հայաստանի ձայնը”, վստահ եմ` շատ ավելի դժվար էր լինելու իմ ուղին, այդ հաղթանակն ինձ հարկավոր էր, բայց նաեւ դժվար է հաղթելուց հետո կարգավիճակդ պահելը: Այս շրջանում ինձ համար հեշտ չէ առաջ գնալ, դեռ բավարարվում եմ հրավերներով, մինչեւ մի քիչ էլ մեծանամ, ուսումս ավարտեմ, կփնտրեմ նոր ելքեր ու հնարավորություններ: Ցավոք, այն դարը չէ, որ սպասես, թե ով քեզ լավ առաջարկ կանի, հասկանում ես, որ ճարպիկներն են առաջ գնում: Իմ փորձից զգացել եմ, որ համեստ լինելը խանգարում է, բայց ինչպես ասում են` թող ուշ լինի, նուշ լինի”:
Սովորելով կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի առաջին կուրսում` նա ժամանակի մեծ մասն այժմ տրամադրում է ուսմանը.“Համակուրսեցիներս շատ լավն են, դասախոսներս էլ պահանջկոտ են, բայց ըմբռնումով են մոտենում, երբ հազվադեպ բացակայում եմ: Քննական շրջանում ստուգարքիցս հետո մեր դասախոս Երվանդ Երզնկյանը, որը Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, ինձ 8 երգ տվեց եւ առաջարկեց իր նվագախմբի փորձերին մասնակցեմ ու ջազային ստեղծագործություններ երգեմ”: