Մաքսային միության անդամակցությունից գնաճը, իհարկե, լավ բան չէ, բայց մենք շատ ավելի բարձր լրացուցիչ գնաճ կունենայինք, եթե չմտնեինք Մաքսային միություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը չմտներ Մաքսային միություն, գազի գինը սահմանին կհասցվեր մինչև 400 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց:
Ստացվում է, որ Մաքսային միության մասին խոսելիս հիշատակվում են միայն վատ կամ ավելի վատ բաներ: Եվ չի խոսվում առարկայական օգուտների մասին, ի տարբերություն Խորը և Համապարփակ ազատ առևտի համաձայնագրի: Վերջինս նախատեսում էր արտահանման մինչև 15% աճ, ՀՆԱ 2.3% աճ, գների նվազում, աշխատավարձերի աճ, ինչպես նաև մի քանի միլիարդ եվրոյի դրամաշնորհներ: Առաջին լրատվականի այս դիտարկմանը նախարարը պատասխանեց, թե Մաքսային միության դեպքում ևս օգուտներ կան: Մասնավորապես՝ ըստ նախարարի, ոչ տարիֆային կարգավորումների ներդաշնակեցման շնորհիվ, իրենց գնահատականներով, մեր որոշ արտահանողների ու ներմուծողների ծախսերը կարող են կրճատվել 7-8%-ով:
Իսկ ո՞ր հարցերով է Հայաստանը ցանկանում բանակցել ԱՀԿ-ի հետ՝ այդ կազմակերպության նկատմամբ մեր ստանձնած պարտավորությունները փոխելու համար: Այս հարցին պատասխանելիս նախարարն ասաց, թե խոսքը հիմնականում դրույքաչափերի փոփոխության մասին է՝ շեշտելով, որ այդ բանակցությունները եռակողմ են լինելու (Մաքսային միություն, Հայաստան, ԱՀԿ քարտուղարություն):