տուն Լուրեր «Հրապարակ». Նոր ուղեվարձը կհրապարակվի փետրվարին

«Հրապարակ». Նոր ուղեվարձը կհրապարակվի փետրվարին

132
0

Հրապարակ

Ամիսներ շարունակ քաղաքապետարանում, այսպես ասած՝ վերցնում-դնում են՝ հանրային տրանսպորտի սակագինը թանկանալո՞ւ է, թե՞ ոչ, եւ մինչ օրս հասարակությունը սպասողական դրության մեջ է՝ երբվանի՞ց եւ որքա՞ն է թանկանալու։ Երեւանի քաղաքապետարանի ստեղծած հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովը՝ կազմված ՀԿ-ների ներկայացուցիչներից, գծատերերից, փորձագետ-մասնագետներից, որի առաջին նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, ոչ մի կերպ որոշում չի կայացնում։ Հանձնաժողովի վերջին նիստը եղել է դեկտեմբերի 27-ին, որին մասնակցել է նաեւ Հանրային խորհրդի ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանը: Նա էլ տեղեկացրեց նիստի մանրամասներից. «Փոխքաղաքապետը ներկայացրեց ավտոբուսների ուղեւորահոսքի վերաբերյալ ունեցած իրենց դիտարկումների արդյունքները, եւ դրանք դեռեւս պիտի ամփոփվեն, իսկ արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, որովհետեւ մշակման փուլում են։ Հաջորդ նիստերի ընթացքում կհրապարակվեն ուղեւորահոսքերի արդյունքները յուրաքանչյուր ավտոբուսի վերաբերյալ։ Ծախսերի վերաբերյալ քննարկումները, կարելի է ասել, արդեն ավարտված են, հիմա պետք է գտնել ուղեւորների միջին թիվը եւ ծախսերը բաժանել ուղեւորահոսքի վրա եւ ստանալ կոնկրետ մեկ ուղեւորի երթեւեկության արժեքը։ Քանի դեռ ի մի չեն բերվել այդ արդյունքները եւ չեն հրապարակվել, չենք կարող ասել, թե որքան կկազմի հանրային տրանսպորտի ուղեւորավարձը, դրանից հետո նոր որոշում կկայացվի սակագնի վերաբերյալ»։ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարին. կոնկրետ օրը որոշված չէ։

Իսկ հանձնաժողովի անդամներից «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որ որոշել է դուրս գալ հանձնաժողովից, չի մասնակցել նախորդ նիստին՝ քննարկումներն անիմաստ համարելով. «Ես գրություն եմ ուղարկել Տարոն Մարգարյանին հանձնաժողովից դուրս գալու վերաբերյալ, պատճառաբանելով, որ անիմաստ եմ համարում այսուհետ մասնակցել նիստերին։ Ես գտնում եմ, որ քաղաքապետարանը գծատերերին ու ժողովրդին հրահրում է իրար դեմ, որպեսզի իր գնային թանկացման քաղաքականությունն առաջ տանի։ Քաղաքապետարանն անգամ ընդդիմադիր գծատերերին սարսափի ենթարկելով՝ պարտադրում է, որ գնային թանկացում իրականացնեն, սպասում են, որ մի քիչ ժողովուրդը հանդարտվի, ակտիվիստներն էլ թուլանան, նոր թանկ գինը հրապարակեն»։

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here