Օրեր առաջ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դիպուկահարի արձակած գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Զոհված զինվորի մարմինն այսօր կտեղափոխեն Սիսիան՝ հարազատ Ույծ գյուղ: Խաղաղ պայմաններում հերթական զոհ արձանագրելը որքան ցավոտ, այնքան սպասելի է ժողովրդի այն զավակների համար, որոնց ճակատագիրը ադրբեջանցու պես հարեւան է տվել: ԵԿՄ Սիսիանի տարածքային ստորաբաժանման նախագահ Արայիկ Վարդանյանի փոխանցմամբ՝ սիսիանցիները թեեւ ծանր են տանում հերթական զոհ ունենալու փաստը, բայց կորստի ցավին դիմակայում են տղամարդավարի: Ասաց, որ ԵԿՄ-ն բարոյապես զոհվածի ընտանիքի կողքին է՝ աջակցության պատրաստ: «Ցավը մերն է, մենք էլ պետք է կրենք ու այս ծանր պահին ընտանիքին մենակ չթողնենք»:
Արայիկ Վարդանյանն ասաց նաեւ, որ կարեւոր ճշտումներից հետո պարզ կլինի, թե որտեղ են հուղարկավորելու Կարեն Գալստյանին: Թե ինչ կարեւոր ճշտման մասին է խոսքը, ԵԿՄ Սիսիանի ղեկավարի փոխանցմամբ, դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք Կարենը զոհվել է թշնամու կրակոցից: «Սպասում ենք դատաբժշկի եզրակացությանը: Եթե հաստատի, որ կրակոցն իրոք հեռահար է եղել, այսինքն՝ մահացու գնդակն արձակվել է դիպուկահարի կողմից, զինվորի մարմինը հողին կհանձնենք Սիսիանի պանթեոնում: Հակառակ դեպքում՝ ընտանեկան գերեզմանոցում»: Ավելի ուշ տեղեկացանք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Գալստյանին պարգեւատրել է «Մարտական ծառայության» համար մեդալով եւ որոշվել է նրան հուղարկավորել Սիսիանի պանթեոնում: Կարենը Գալստյան ընտանիքի երրորդ զոհն է: Նրա երկու հորեղբայրներից մեկը զոհվել է ռուսական բանակում, իսկ մյուսը՝ Ղարաբաղում, որտեղ, զորամասերից մեկում, հոսանքահարվել է անսարք էլեկտրականությունը վերականգնելիս: Զոհված զինվորը նաեւ երեք եղբայր եւ մեկ քույր ունի: Բազմանդամ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Ույծի գյուղապետ Արտակ Ավետյանի տեղեկացմամբ, վիճակները փոքր-ինչ թեթեւացնելու նպատակով Կարենի ավագ եղբայրն արտագնա աշխատանքի էր մեկնել: Ընտանիքի ցավը պատրատ է կիսել նաեւ Ույծ համայնքը: «Մեր գյուղում ավանդույթ կա. երբ դժբախտ դեպք է լինում, հավաքվում են, եւ ամեն ընտանիք իր հնարավորությունների չափով գումար է տալիս՝ վշտի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Այս դեպքում էլ օգնություն կլինի, մանավանդ, որ իրենք այդ կարիքն ունեն»,- ասաց Ույծ համայնքի ղեկավարը:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը