Արագածոտնի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանի կաշառակեր լինելու մասին խոսակցություններն ավարտվեցին պաշտոնյայի ձերբակալությամբ: Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունից Համբարձումյանին հրավիրել էին հարցաքննության, որտեղ էլ նրան ձերբակալել էին: Պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով ԱԱԾ-ում Համբարձումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր. 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մինչեւ վարչության պետ դառնալը Պարգեւ Համբարձումյանի ու Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հարաբերությունները բավականին լավ են եղել: Այնքան լավ, որ հենց մարզպետն էլ առաջ է քաշել նրան՝ վստահելով վարչության պետի պատասխանատու պաշտոնը: Որոշ ժամանակ անց, սակայն, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի աշխատանքներում թերացումներ ու բացթողումներ են ի հայտ եկել: «Իրեն ճանաչելով եմ այդ պաշտոնը վստահել, բայց չարդարացրեց. սկսեց վատ աշխատել: Պատահել է, որ զայրացել եմ, վրան բարկացել, բայց, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները նորմալ են եղել»,-ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Թե կոնկրետ որ դեպքով են իր աշխատակցին ձերբակալել, մարզպետը չգիտի: Ասաց, որ մանրամասներն իրեն էլ դեռ պարզ չեն, բայց աշխատակցի համար անհանգստանում է: Իսկ հարցին, թե հնարավոր չէ՞, որ Պարգեւ Համբարձումյանի արարքներից զզված՝ նրանից ազատվելու համար «ծախել» են, մարզպետը ոչ հաստատող, ոչ հերքող պատասխան տվեց: «Չեմ կարծում»,- ասաց: Մեր ունեցած տեղեկություններով, Պարգեւ Համբարձումյանը հունվարից գտնվում էր արձակուրդում: Զգալով, որ գլխին սեւ ամպեր են կուտակվում, փորձել է այդ ընթացքն օգտագործել՝ հարցերը կարգավորելու համար: Չի ստացվել…
Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը