տուն Լուրեր «Հրապարակ». ԱԱԾ-ն Գուրգեն Եղիազարյանի դեմ

«Հրապարակ». ԱԱԾ-ն Գուրգեն Եղիազարյանի դեմ

112
0

Հրապարակ

Ազգային անվտանգության ծառայության մի խումբ  աշխատակիցների անունից երեկ հայտարարություն տարածվեց ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի մասին: Լրատվամիջոցներում վերջինի տեսակետները, որոնք ըստ ամենայնի ԱԱ տեսանկյունից լուրջ սպառնալիքներ չեն ներկայացնում, ստիպել էին ԱԱԾ աշխատակիցներին մի ծավալուն վիրավորախառն հայտարարություն պատրաստել եւ Գուրգեն Եղիազարյանի վերաբերյալ ուշագրավ տվյալներ ու ոչ հաճելի որակումներ հրապարակել:

«Հարցերին նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանությունները, հիվանդ երեւակայությամբ ծնված հայտարարությունները, հարկավ, հանրության աչքին եւս մեկ անգամ երեւալու, իր մասին հիշեցնելու համար են: Սակայն դա շատ վիրավորական է եւ զայրույթ է առաջացնում ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների եւ Գուրգեն Եղիազարյանին իսկապես ճանաչող մարդկանց մոտ: Քաղաքական դաշտում այդպես էլ իր տեղը չգտած, պարբերաբար կուսակցություններ ու քաղաքական թիմեր փոխած այս անձնավորությունն առանձնակի ուշադրության արժանի էլ չէ, բայց երբ փորձում է հանդես գալ որպես «վաստակավոր հետախույզ» եւ մասնագիտական եզրակացություններ անել, վիրավորելով իրենց աշխատանքին իսկապես նվիրված, արհեստավարժ մասնագետներին, հարկ ենք համարում հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու համար հրապարակել որոշ փաստեր, որոնք կդիմակազրկեն Գուրգեն Եղիազարյան կոչվածին»,- գրված է հայտարարությունում, որը ստորագրված է՝ «ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ»: «Եթե անստորագիր է, միանշանակ, արդեն սրիկաներ են». այսպես է արձագանքում ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Այս ամենը Եղիազարյանին հիշեցնում է 1937թ., երբ նամակներ էին տպվում «մի խումբ բոլշեւիկներ» ստորագրությամբ, այժմ նրանք դարձել են մի խումբ չեկիստներ: «Այն ժամանակ էլ, եթե մեկին ցանկանում էին վերացնել, վարկաբեկել, ենթադրենք՝ «Պրավդայում» տպում էին մի խումբ բոլշեւիկների անունից»: Թե ինչով է Եղիազարյանը վտանգավոր դարձել ԱԱԾ-ի համար, նա  պատասխանում է, որ բացի մի շարք կարեւորագույն թեմաների վերաբերյալ արտահայտվելուց, կա այլ պատճառ: «Վերջերս ՀՀԿ ԳՄ նիստում հրահանգ են ստացել, շեֆն իրենց ասել է, որ ձեր մասին էսքան ասում են, ինչի՞ եք բերաններդ ջուր առել-նստել, կարո՞ղ ա ճիշտ են ասում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Ի պատասխան մեր հարցի էլ նկատեց, որ իր չափ ոչ մեկը նման անվախ եւ կոշտ տեսակետ չի հայտնել «սրանց» հասցեին: Հայտարարությունում ասվում է, որ Եղիազարյանն ԱԱՊՎ պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրել է միայն այն ժամանակվա պետ Դավիթ Շահնազարյանի հետ բարեկամական կապի շնորհիվ, եւ որ պաշտոնավարման 7-8 ամիսներին նա այդպես էլ չկարողացավ հասկանալ ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը, աշխատանքային նրբություններն ու յուրահատկությունները:

«Պաշտոնի նշանակվելուն պես Գուրգեն Եղիազարյանը սկսեց կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ` բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների եւ այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը: Պարբերաբար իր աշխատասենյակում «հյուրընկալում» էր հայտնի բիզնեսմենների եւ նրանց հետ «զրույցներ» ունենում:

Ապարանից եկած միջին տարիքի «գուշակ» կնոջ հետ նրա ամենօրյա հանդիպումներից հետո ցուցումների տարափ էր թափվում հակահետախուզության աշխատակիցների վրա` ատոմակայանին, գնացքներին, ավտոմեքենաներին եւ այլ օբյեկտներին սպառնացող վերահաս վտանգների, պայթյունների մասին: Այս գուշակի «կանխատեսումներից» հետո բավականին ուժ ու միջոցներ էին կենտրոնացվում այդ ուղղություններով` խաթարելով համակարգի բնականոն աշխատանքը, եւ ոչ մի անգամ այդ «կանխատեսումները» չէին հաստատվում, իսկ Գուրգեն Եղիազարյանը դարձյալ ոչ մի հետեւություն չէր անում: Ավելին՝ հավատացնում էր, որ ինքը եւս կապեր ունի տիեզերական ինչ-ինչ ուժերի հետ, եւ շատ դեպքերում չհասկանալով, թե մենք ինչով ենք զբաղված, փորձում էր արտերկրային ինչ-որ ուժերի ազդեցությամբ մտնել մեր գործելաոճի մեջ ու թելադրել»,- նշված է հայտարարությունում: Եղիազարյանին նաեւ մեղադրում են հարբած աշխատանքի գալու եւ ատրճանակը սեղանին հանելու-դնելու մեջ: ԱԱԾ նախկին պետի տեղակալ Եղիազարյանին, սակայն, այս մասին տարածված լուրերը Դրոյի պատմությունն են հիշեցնում, իսկ պայծառատեսի ծառայություններից օգտվելու մասով էլ նշեց, որ ցանկացած երկրի հատուկ ծառայություններն օգտվում են դրանցից: «Եթե ամբողջ ժամանակս անցկացրել եմ հարբած կամ քնած, եթե այս երկուսի արանքում աչքերս բացել եմ կամ գործարարների եմ հանդիպել, կամ պայծառատեսի, որ իրենց ուղարկեմ էստեղ- էնտեղ, ու էդ հորթերից ոչ մեկը չի ասել, թե այս ի՞նչ եք անում, այ մարդ, հո հոգեբուժարա՞ն չի, խոշտանգել եմ մարդկանց, կեղծ ցուցմունքներ եմ վերցրել, էն ժամանակ էդ նույն Գորիկը եղել է հակահետախուզության պետը, բա ես էի էդքան տմարդի, բա էդ արժանավոր մարդը, որ հասցրել է դառնալ գեներալ-գնդապետ, բա հանցագործին թաքցնողին գեներալ-գնդապե՞տ են սարքում: Լավ, էն ժամանակ վախեցար, հետո ընդդիմություն էի, թող բարձրաձայներ-ասեր՝ էս-էս է կատարել: Հիմա հարց տվեք. 18 տարի է անցել, այ տղա, բա էս մարդը սենց բան ա արել, մի խումբ ազնիվ չեկիստներ, աշխարհի մասշտաբով հետախուզության կամ հակահետախուզության մասնագետներ սենց բան են գրել, բա դուք հեչ բան չե՞ք տեսել, թե՞ խաթր եք արել: Թե՞ դու գոյություն չունես, թուրք պաշտոնյան գալիս է, վարչապետի հետ նկարվում է, քեզ բանի տեղ չեն դնում, 10 տարի գորշ գայլերը գնում-գալիս են, քեզ բանի տեղ չեն դնում, 1 տոննա հերոին են անցկացնում, քեզ բանի տեղ չեն դնում, մաքսայինն ա բռնում: Դու էլ ոչ հարբած ես, ոչ քնած ես, ոչ էլ գործարարների հետ ես հանդիպում, տղուդ քշած X6-ն էլ երեւի քո աշխատանքով ես առել: Էդ սաղ մի կողմ դրած, բայց գոնե մի անգամ հետաքրքրվի, որ 2 մլն հայ մարդու տվյալներ գտնվում են թուրքական հետախուզության բանկում, մի հատ էդ սուպեր-չեկիստին հարց տվեք, թե բա դուք էշի ականջում քնա՞ծ եք, որ տենց բաներ են անում»:

Եղիազարյանն ասում է, որ ոչ այս, ոչ որեւէ հայտարարություն չի կարող խոչընդոտել իր ազատ արտահայտվելուն: Նա չի էլ պատրաստվում հայց ներկայացնել կառույցի դեմ: «Ես ոչ մի ոչնչությունից պատիվ պահանջելու խնդիր չունեմ, իրենց նման քայլը միայն իմ պատիվն է բարձրացնում, նրանք այն մարդիկ չեն, որոնց գրածն ինչ-որ մեկին հեղինակազրկի»:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը