Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվել: Այս մասին երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է Էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը:
Սույն հանձնաժողովն իր վերջին նիստն արել էր անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին: Դրանից հետո հանձնաժողովին բազմաթիվ դիմումներ են ուղարկվել, այդ թվում` նաեւ լրագրողների կողմից` ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի եւ Առաքել Մովսիսյանի: Մեր թղթակցի հարցին` ի՞նչ եղավ այդ դիմումների ճակատագիրը եւ հանձնաժողովն ինչու նիստեր չի անում, Հարությունյանը պատասխանել է. «Հանձնաժողովը դեռեւս ձեւավորված չէ, երբ ձեւավորվի` կտեսնենք»: Իսկ ե՞րբ կձեւավորվի` հարցին Հարությունյանը պատասխանել է. «Չգիտեմ»: «ՀԺ» թղթակիցը փորձել է նաեւ ճշտել, թե ինչ է լինելու ստացված դիմումների ճակատագիրը, եթե այս նստաշրջանում Էթիկայի հանձնաժողովը չձեւավորվի: «Սպասում ենք, որ ձեւավորվի»,- արձագանքել է Հարությունյանը: Իսկ հանձնաժողովը չի հաջողվում ձեւավորել, քանի որ ՀԱԿ-ը հետ է կանչել իր անդամին, որը պետք է այս նստաշրջանում նախագահեր սույն հանձնաժողովում:
Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը