Այսօր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության ինդեքսը :
Հայաստանը վարկանշային այս աղյուսակում նահանջել է 4 հորիզոնականով: Նախորդ տարվա 74-րդ տեղի փոխարեն այսօր մեր երկիրը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում այս ոլորտում նկատվել է նահանջ: Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ունի ամենաազատ մամուլը: Կազմակերպության զեկույցում նշվում է, որ նախկին Խորհրդային Միության երկրներում վերջին մեկ տարվա ընթացքում մամուլի ազատությունը զգալի նահանջ է արձանագրում:
Ավանդաբար այս ցուցակը գլխավորում են հյուսիսեվրոպական երկրները: Լավագույն տասնյակում են Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զլանդիան, Շվեդիան:
Մաքսային Միությունում Հայաստանի «գործընկեր»-երկրները գտնվում են բավականին ցածր դիրքերում. Ռուսաստան` 148-րդ, Բելառուս` 157-րդ, Ղազախստան` 161-րդ:
Ընդհանուր առմամբ, հաշվարկում ներառվել են 180 երկրների տվյալներ: