Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավար Դերվիշ Էրօղլուն համաձայնություն է տվել՝ հունական մասի ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլ սկսելու համար։ Այս մասին հաղորդում է Կիպրոսի Sigma հեռուստաալիքը։ Հույների ներկայացուցիչները սպասում են պաշտոնական համաձայնության, որը պետք է ստացվի ՄԱԿ-ի խողովակներով։
Մեկ օր առաջ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել էր, որ կողմերը շատ են մոտեցել համատեղ հայտարարություն ընդունելու հարցում, որում ներառված են երկրի վերամիավորման հիմնական սկզբունքները, և որ իրենք սպասում են թուրքական կողմի համաձայնությանը։ Էրողլուի հայտարարությունը կնշանակի, որ բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում։
Կիպրոսի հակամարտության կարգավորումը Հունաստանի իշխանությունների թիվ մեկ խնդիրներից է, ասել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սմարասը, ով նախօրեին բանակցություններ է անցկացրել Կիպրոսի Հանրապետության նախագահի հետ։