Փետրվարի 15-ին, ժամը 10.00-ից Երևանի երկու տարբեր դահլիճներում ընթանում էին կարծես իրար հետ որևէ առնչություն չունեցող երկու համագումարներ` Երկրապահ Կամավորականների Միության համագումարը` Մարզահամերգային համալիրում, Բարգավաճ Հայաստան Կուսակցության համագումարը` ԲՀԿ գրասենյակներից մեկում: Թվում է, թե թեմաներն էլ պետք է տարբեր լինեին, մտքերն էլ, ասելիքներն էլ, սակայն, երկու դահլիճներում էլ միաժամանակ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը խոսում էին նույն խնդիրների մասին` սոցիալ-տնտեսական խնդիրներ, արտագաղթ և այլն: Բնական է, որ երկու ելույթները, մեծ հաշվով, հակադարձումների ու մեղադրանք-արդարացումների դաշտում էին: Զարմանալին ԲՀԿ-ի պես մարդկային, նյութական ռեսուրս ունեցող կուսակցության համագումարն այդքան անշուք ու փակ անելու փաստն է: Ինչևէ, համագումարում կարծես ԲՀԿ առաջնորդը ազդանշան էր տալիս իշխանություններին, որ ինքը պատրաստ է ստանձնել երկրի տնտեսական անկման դեմն առնելու գործընթացը, կարող է դրսից ներդրողներ բերել հայկական շուկա կամ այլ կերպ ասած վարչապետի աթոռի հանդեպ հավակնություն էր ներկայացնում: Սակայն, ԲՀԿ-ի որդեգրած «не рыба, не мясо» գործելաոճի իրական արդարացումն էլ հենց նման առաջարկների, իշխանության կողմից հնարավոր անտեսումից հետո քաղաքական կյանքը որպես ընդդիմություն շարունակելու տեսլականն է: Այնուամենայնիվ, բնական է, որ իշխանություններն անտեսելու են Ծառուկյանի մեսիջներն, ուստի թեժ գարունն ու թեժ ամառը կարծես ապահովված են:
Արմեն Մկրտչյան