«Մեր կուսակցության նախագահի ելույթը ծրագրային ելույթ էր: Ելույթը ևս մեկ անգամ հաստատեց, որ մենք պատրաստ ենք համագործակցության երկրի խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի հետ: Ելույթում տրված էր նաև խնդիրների լուծման ճանապարհ»,-ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Պատգամավորը անընդունելի է համարում, որ որոշ ուժեր այս պահին ֆիքսվում են այն փաստի վրա, որ ԲՀԿ-ն ԱԺ-ում չի հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին.«Ինձ համար կա երկու մոտեցում քաղաքականության մեջˋ կան իշխանական և ոչ իշխանական ուժեր: Հիմա մենք ոչ իշխանական ուժ ենք, և դուք ինչ ուզում եք հասկացեք սրա տակ: Ուզում եք անվանեք ոչ իշխանական կամ ընդդիմադիր»,- ասաց պատգամավորը:
Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը անդրադառանալով այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ համագումարի իր ելույթում անմարդկային էր որակել կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը նկատեց. «Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում ԲՀԿ-ն ևս այս օրենքին 2009 թվականին կողմ է քվեարկել: Հիմա ինչն է ստիպել մարդկանց խոսել այս մասին ես չեմ հասկանում»,-ասաց պատգամավորըˋ ավելացնելով, որ կա 460 հազար թոշակառու և պետության համար դժվար է մտնել այդ բեռի տակ, իսկ օրենքին դեմ խոսողներին առաջարկեց դրա փոխարեն փորձեն որևէ կերպ օգնել:
Լյովա Խաչատրյանը անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի ԵԿՄ համագումարի ընթացքում ունեցած ելույթին: ԲՀԿ-ական պատգամավորի անդրադարձը դուր չեկավ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին և վերջինս պահանջեց, որպեսզի հարգանքով խոսեն ցանկացած նախագահի մասին, ու պետք է հարգել Սերժ Սարգսյանին, քանի որ նա ոչ միայն ՀՀԿ-ականների այլ նաև բոլորի նախագահն է, ինչին ի պատասխան Լյովա Խաչատրյանն ասաց.«Սիրում եմ մեր նախագահին, ի՞նչ է եղել որ….»: