AraratNews.am-ը տեղեկացրել էր, որ մոտակա ժամանակներս Հայաստան է ժամանելու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին: Նրա այցը կապված է լինելու մի շարք պայմանավորվածությունների հետ, որոնք պետք է հաստատվեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բարզանիի այցի ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են անցագրային ռեժիմի դյուրացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև Երևան-Էրբիլ օդային հաղորդակցության հաստատմանը: Փորձագետների գնահատմամբ՝ այցը երկու կողմերի համար էլ բավականին արդյունավետ է և կարևոր:
«Մենք խնդիրներ չունենք և պատմականորեն չենք ունեցել Իրաքում ապրող քրդերի հետ, նույնը նաև՝ Իրանի քրդերի հետ: Հայերի ցեղասպանությանը, ինչպես հայտնի է, չեն մասնակցել Իրաքի և Իրանի քրդերը: Այս առումով, ես կարծում եմ, որ շատ խրախուսելի կլինի Մասուդ Բարզանիի այցը Հայաստան»,-անդրադառնալով Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի Հայաստան՝ կատարվելիք այցի մասին ասաց արևելագետ Վարդան Ոսկանյանը, նկատելով, որ իրականում չկա քրդկան որևէ կենտրոն, որը կարող է խոսել ամբողջ քուրդ ժողովրդի անունից: Չնայած այս հանգամանքին Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի լուրջ աշխատանք տանել քուրդ ժողովրդի հետ և դա անի բավական գրագետ. «Այսօր մենք ակտիվ պետք է աշխատենք քուրդ ժողովրդի հետ: Քրդրերի մի մասը թուրքական քարոզչության ազդեցության տակ է, իսկ մյուս մասը՝ քրդական կուսակցությունների, և այս երկուսն էլ չեն ասում այն իրականությունը, որը կապված է հայ ժողովրդի հետ: Մենք պետք է փորձենք այդ իրականությունը հասցնել քուրդ ժողովրդին»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
«Իրաքի հյուսիսը կարևորագույն տարածաշրջան է և պետք է այս հարցը դիտարկվի մեր շահերի տեսանկունից: Կարծում եմ, Բարզանի այցի ընթացքում պետք է բարձրաձայնվի այս տարածաշրջանում հայկական ներկայության մասին: Հայաստանը այն երկրներից է, որն ունի զարգացած քրդագիտություն, և մենք, միանշանակ, ասելիք և անելիք ունենք այդ տարածաշրջանում»,- ասաց Վադան Ոսկանյանըˋ ավելացնելով, որ Իրաքի քրդական ինքնավարության միջոցով հնարավոր է նաև աշխատել քրդական այլ համայնքների հետ, որը պետք է օգտագործվի ի շահ Հայաստանի: