Հայոց ցեղասպանության մասին մենք գիտենք գրեթե ամեն ինչ: Բոլորիս համար է հասկանալի, թե ինչ ցավի և տառապանքի միջով են անցել հայերը Օսմանյան Թուրքիայում: Այսօր բազմաթիվ հրապարակումներ կան, որտեղ ամբողջ թուրք ժողովուրդը ներկայացվում է, որպես ցեղասպան, սակայն պետք է նկատել, որ այդ տարիներին նրանց մեջ եղել են մարդիկ ովքեր փրկել են բազմաթիվ հայ ընտանիքների: Իհարկե այս հանգամանքը չի մեղմացնում այն ոճրագործությունը, որը իրականացրել է թուրքական պետությունը հայ ժողովրդի նկատմամբ, սակայն իրականության արձանագրումը միայն կօգնի իրավիճակի համար լուծման որոնմանը: Գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանությանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Թուրքիայում ապրող քրդերը, ովքեր «Համիդե» ջոկատների կազմում սպանում էին հայերին և թալանում հայկական գյուղերը: Այսօր նույն այդ հայկական գյուղերում ապրում են այդ քրդերի հետնորդները: Իսկ ինչու մենք չենք հիշում այն՝ ինչ արել են քրդերը, և ինչու նրանք նույնքան մեղավոր չեն համարվում՝ որքան թուրքերը, այս մասին AraratNews.am-ը զրուցեց արևելագետ Վարդան Ոսկանյանի հետ:
Պարոն Ոսկանյանը կարծում է, որ որպես ցեղասպան որակել մի ամբողջ ժողովրդի ճիշտ չէ, քանի որ եղել են շատ թուրքեր, որ չեն մասնակցել ցեղասպանությանը. «Նման կերպ բնորոշել մի ողջ ժողովրդի, կարծում եմ, ճիշտ չէ: Իմ կարծիքով ժողովուրդները չեն կարող ցեղասպան լինել: Ցեղասանություն է իրագործել Օսմանյան Թուրքիան, որի ժառանգորդն է ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը, և մենք պահանջներ ունենք հենց այս երկրից: Քրդերին նույնպես բնորոշել ցեղասպան՝ ճիշտ չեմ համարում, բայց այն, որ նրանք իրենց մասնակցությունն են ունեցել, կարծում եմ, համոզված են բոլորը: Քրդերը, չերքեզները Օսմանյան Թուրքիայի ձեռքին եղել են գործիք, որով իրականացվել է Հայոց Ցեղասպանությունը: Սա եղել է Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը` մի ժողովրդի ձեռքով մեկ այլ ժողովրդի ոչնչացնելը»,- ասաց Վարդան Ոսկանյանը` ավելացնելով, որ շատ քուրդ գործիչներ ընդունում են, որ իրենց պապերը իրականացրել են հայերի ցեղասպանություն, սակայն անհնար է պահանջ ներկայացնել քրդերին.«Քրդերը չունեն, որևէ միասնական կառույց, որը կարող է հանդես գալ ողջ քուրդ ժողովրդի անունից, չունեն նաև պետականություն, և այս դեպքում անհնար է դառնում որևէ կերպ պահանջ դնել նրանց դեմ»,- ասաց Վարդան Ոսկանյանը՝ նկատելով, որ, այնուամենայնիվ, հայկական կողմը պետք է աշխատի քրդերի հետ, որպեսզի նրանց սերունդները իմանան իրականության մասին և լավ գիտակցեն, որ այն հողը, որի վրա այսօր ապրում են՝ հայերի հայրենիքն է եղել, որտեղից վտարվել են կամ սպանվել: