տուն Քաղաքական Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք անում

Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք անում

163
0

Raffi-Hovhannisyan

Araratnews.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

Փետրվարի 18-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք  է անում, որքանով է ակտուալ այդ հանրահավաքն այսօր:

Իրականում կուսակցության ներսում քննարկվել է նաև հանրահավաք հրավիրելու հարցը: Վերջնական որոշում չի կայացվել, թե ինչ ձևաչափով հանրությանը հանդես կգանք: Թույլ տվեք ասել, որ խոսքը հանրահավաքի մասին չէ:

Այնուամենայնիվ, ինչու անհրաժեշտություն առաջացավ՝ ներկայանալ հանրությանը:

Նախագահական ընտրություններից անցել է մեկ տարի, տարբեր գնահատականներ են տրվել թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական, թե՛ հետընտրական գործողություններին: Հասարակությունն ունի նաև գործող նախագահին գնահատելու խնդիրը: Փետրվարի 18-ին որևէ ձևաչափով հանրությանը  ներկայանալու առիթ, այնուամենայնիվ, կա:

Ինչ ակնկալիքներ եք սպասում հանրության հետ հանդիպումից:

Եթե հիշում եք, Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին փորձ արեց Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո հանրահավաք անել՝ ինչն այդքան էլ հուսադրող չէր. դա միայն մեր գնահատականը չէ:  Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ ունենալով նման փորձ, չի կարելի նույնն անել մի քանի ամիս անց: Կարելի է ասել, որ այժմ էլ Ժառանգությունն ու իր ղեկավարը պետք է հասկանան հասարակության տրամադրությունը և հանրությանը հասկանալի ձևով ներկայանան: Այնպես չի, որ չենք փորձել անել, արել ենք սեպտեմբերի 20-ին: Այն այնքան էլ գոհացուցիչ  չէր, չեմ ուզում պատճառների մասին խոսել: Գուցե շատերն ասեն, թե Րաֆֆի Հովհաննիսյանից սպասելիքներն այլ էին, որոնք չիրականացան, բայց, այնուամենայնիվ, սեպտեմբերի 20-ին հաճելի չէր տեսնել, որ մարդիկ դուրս չեն գալիս փողոց:

ԱԺ Ժառանգության խմբակցության ներսում իրավիճակը մշտապես լարված է մնում: Պատգամավորներից մեկը մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց, ապա ետ վերցրեց, երկու անգամ փոխվեց խմբակցության ղեկավարը: Արդյոք «Ժառագությունում» ամբիցիաների խնդիր կա:

Չէի ցանկանալ խմբակցության դաշտ մտնել: Ռուբեն Հակոբյանն իր հրաժարականը բացատրել է անձնական պատճառներով, իսկ Թևան Պողոսյանը բացատրել է ներխոհանոցային դրդապատճառներով: Եթե նրանք չեն խոսել այդ պատճառների մասին և արդյունքում վերանայել են իրենց որոշումները` մեկը վերադարձ խմբակցության ղեկավարի պաշտոնին, մյուսը` մանդատից չհրաժարվելու վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ խանգարող անձնական և ներխոհանոցային պատճառներն անհետացել են:

Զրուցեց Լիլիթ Լալայանը