Եթե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո 5-5.5 հազար դոլարոնոց Օպելների ու Մերսեդեսների մաքսազերծման ծախսերը կտրուկ աճեն, ապա դրանց Ռուսաստանից փոխարինողներ չեն գտնվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու ավտոներկրող Արայիկ Բերակչյանը:
Նրանց խոսքով, այսօր այդ մեքենաների մեծ մասը ներմուծվում է Վրաստանից: Ռուսաստանում, թեև կան խոշոր արտասահմանյան ավտոարտադրողների գործարանններ, սակայն դրանք (3-5 տարի և ավելի օգտագործվածները) բերելը, միևնույնն է, ավելի թանկ ու դժվար կլինի, քան Վրաստանի դեպքում է: Ճանապարհը ավելի երկար է լինելու, խոչընդոտներն ավելի շատ՝ երկու երկրներ անցնելու պատճառով և այլն:
Իսկ բուն ռուսական արտադրության մեքենաները այստեղ պահանջարկ չունեն: Ավտոներկրողներն ասում են՝ եթե պահանջարկ ունենային, իրենք խնդիր չէին ունենա, կբերեին դա կվաճառեին: Բայց այսօր պահանջարկ ունեն 5-5.5 հազար դոլարնոց Օպել Աստրաներն ու Մերսեդեսները (ավելի քան 5 տարվա արտադրության):
Ավտոներկրողներն ուզում են, որ իրենց առնվազն 5 տարի ժամանակ տան, որպեսզի կարողանան հարմարվել: Ռուսաստանի դեպքում ներմուծվողների մաքսազերծումն ավելացնելու համար 8 տարի էր տրվել, Բելառուսի դեպքում՝ 2 տարի: