Այն, որ Մաքսային միությանն անդամակցությունը հանգեցնելու էր թանկացումների հզոր ալիքի, անկախ տնտեսագետներն ահազանգում էին դեռեւս սեպտեմբերից: Իշխանությունները, սակայն, անցած ամիսներին ամեն կերպ փորձում էին ներկայացնել բոլորովին այլ պատկեր՝ տարբեր հեքիաթներ պատմելով ռուսական հսկայական շուկայի ընձեռած հնարավորությունների, կոնյակագործության վերելքի եւ գյուղատնտեսության խթանման մասին: Դրանք շարունակվեցին ընդհուպ մինչեւ Պուտինի՝ ՀՀ կատարած այցը, դրան հետեւած համաձայնագրերի ստորագրումն ու ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի հաստատումը, որից հետո արդեն իշխանությունները սկսեցին կամաց-կամաց հանրությանը իրազեկել, թե ինչ է սպասվում Մաքսային միությանն անդամակցելու սկզբնական փուլում:
Երեկ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է, թե ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում որ ապրանքների դրույքաչափերը կաճեն, եւ որոնց դեպքում կլինի նվազում: Նա նշել է, որ Մաքսային օրենսգրքի ապրանքների անվանացանկը ներառում է 11553 տող ապրանք, որի 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, քան Հայաստանում: 14,5 տոկոսի դեպքում դրանք ավելի ցածր են, 17 տոկոսի դեպքում՝ նույնը, իսկ ահա մնացած 8,5 տոկոսի դեպքում ապրանքների հաշվարկն իրականացվում է այլ մեթոդներով: Ասել է թե՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում շուրջ 7 հազար ապրանքատեսակների թանկացումն անխուսափելի է:
Այս կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարը դեռեւս անցած տարեվերջին նշել էր, որ ՄՄ-ի հետ բանակցություններ են տարվում մի շարք ապրանքատեսակների մաքսազերծման դրույքաչափերն անփոփոխ թողնելու ուղղությամբ: Էկոնոմիկայի փոխնախարարը, սակայն, երեկ տեղեկացրել է, որ խոսքն ընդամենը 850 անուն ապրանքների մասին է: Այն էլ՝ դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն այդ բանակցությունները: «Թե այդ ցանկի մեջ ինչքան ապրանքատեսակ կլինի, կախված է բանակցություններից: Հիմա որեւէ մեկը, ամենայն անկեղծությամբ, չի կարող ասել, թե բանակցությունների արդյունքում մենք ինչպիսի ցուցակ կստանանք»,-խոստովանել է փոխնախարարը:
Եվ ահա այսպիսի իրավիճակում Մաքսային միությանն անդամակցելու հարցում դրսեւորած աննախադեպ շտապողականության հետ կապված՝ Պրահայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ ասել է. «Եթե մենք որոշում ենք կայացրել միանալու Մաքսային միությանը, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Ինչո՞ւ դանդաղեցնենք»:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը իր խմբագրականում