Դեռեւս 2013թ. հունիսի 18-ին «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը բարձրաձայնել էր «Ռուսալ-Արմենալ» ալյումինի գործարանի բանվորների աշխատանքային իրավունքների խախտումների եւ գործարանատերերի կողմից նրանց նկատմամբ սպառնալիքների մասին: Բանն այն է, որ «Ռուսալ-Արմենալ»-ի թվով 105 բանվորների գործով հայաստանյան դատարաններն իրարամերժ դատական ակտեր էին կայացրել, եւ գործարանը հրաժարվում էր օրենքի ուժով վճարել բանվորներին հասանելիք ամսական հավելավճարները:
Սակայն բանվորները, այդպես էլ չկարողանալով հայաստանյան դատական համակարգից արդարացի որոշում ստանալ, որոշել էին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բաղդասարյանն ասել էր նաեւ, որ գործատուն ոչ միայն ընդառաջ չէր գնացել իր աշխատողներին, այլեւ սպառնացել էր զանգվածային ազատումներով՝ ասելով. «Աշխատում եք՝ աշխատե՛ք, թե չէ Աֆրիկայից էժան աշխատուժ կբերեմ, մենք էլ ձեզ դատի կտանք…»:
Եվ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ի տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը հունվարի 6-ին ՀՀ է ներմուծել ինչ-որ ապրանքներ, որոնք այդպես էլ չի հայտարարագրել: Արդյունքում՝ սեփական ընկերության բանվորներին սպառնացող տնօրենը տուգանվել է 50.000 դրամով:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը