տուն Լուրեր «Ժողովուրդ». Ծանրակշիռ կլինի

«Ժողովուրդ». Ծանրակշիռ կլինի

97
0

Ժողովուրդ9

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը երեկ քննդատել է ՀՀ իշխանությունների` Մաքսային միություն մտնելու որոշումը: Նախկին արտգործնախարարը, մասնավորապես, ասել է.«Եթե 1-ից 10 միավորով մեր հնարավորությունները դասենք, ապա այդ անդամակցությամբ մենք դա իջեցրեցինք 1-ի, լավագույն դեպքում` 2-ի: Մենք մեր մանեւրելու հնարավորությունը կորցրեցինք: Եթե մենք այն բաց թողնեինք` չմտնելով Մաքսային միություն, կարող էինք նաեւ Եվրամիության հետ էլ ոչինչ չստորագրել, խնդիր չկար. ինչպես Ուկրաինան դա արեց, ինչպես Ադրբեջանը արեց, ինչպես Կենտրոնական Ասիայի երկրները արեցին: Այսինքն` միայն Հայաստա՞նն էր, որ մեզ բռնեցին, տարան այնտեղ: Ոչ ոք չտարավ, մենք մեր սխալներով գնացինք այնտեղ հայտնվեցինք»:

Ինչ խոսք, դժվար է չհամաձայնել Օսկանյանի ասածներին: Միայն թե տարակուսելի է այն, որ ԲՀԿ ղեկավար անդամն այս մասին բարձրաձայնում է սեպտեմբերի 3-ից հինգ ամիս անց միայն, այն էլ` ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ իր ղեկավարած հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում:

Առհասարակ, Վարդան Օսկանյանի դատողությունների գերակշիռ մասը, կարելի է ասել, անթերի է: Սակայն միայն այն դեպքում, երբ դրանք դիտարկվում են ասողի քաղաքական կարգավիճակից անջատ: Բայց երբ այդ դատողությունները ներկայացվում են որպես դրանց հեղինակի քաղաքական դիրքորոշում` միանգամից առաջ են գալիս բազմաթիվ հարցեր: Օրինակ` արդյոք Վարդան Օսկանյանն իր այս տեսակետը հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը կասկածի տակ է դնում Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացման դեմ խոսողի հայ լինելու հանգամանքը: Արդյո՞ք նա կուսակցության քաղխորհրդից պահանջել է հանդես գալ ՄՄ անդամակցության դեմ հայտարարությամբ կամ կոնկրետ այլ քայլեր անել, եթե ինչպես նշում է` այդ որոշմամբ մեր երկրի շանսերը 10 բալից իջեցվեցին 1-ի: Եթե պահանջել է եւ մերժվել, ապա այդ դեպքում ինչո՞ւ չի դադարեցրել իր անդամակցությունն այդ կուսակցությանը: Չէ՞ որ խոսքը կարեւորագույն հարցի շուրջ սկզբունքային անհամաձայնության մասին է:

Եվ ամենակարեւորը` արդյո՞ք Օսկանյանի այս հայտարարությունը համաձայնեցված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը, ինչպես գիտենք, Մաքսային միության հետ կապված առայսօր որեւէ տեսակետ չի արտահայտել:

Քանի որ, վստահ ենք` այս հարցերը մնալու են անպատասխան, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ն էլ, լավագույն դեպքում, հերթական անգամ կհայտարարի, թե պարոն Օսկանյանը հնչեցրել է իր «անձնական կարծիքը», ապա թերեւս ճիշտ կլինի, որ նախկին արտգործնախարարը դադարեցնի զբաղվել քաղաքականությամբ եւ ձեռնամուխ լինի դասախոսական աշխատանքին: Այդ դեպքում նրա անձնական կարծիքը հաստատ շատ ավելի ծանրակշիռ կլինի:

Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը