«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ:
«Հայրենիքի անկախացմամբ ծնունդ առած, պատերազմի բովով անցած և պանծալի հաղթանակներ կերտած Հայոց բանակը այսօր բոլորում է հիմնադրման 22 տարին: Առկա բոլոր խնդիրներով, անգամ անընդունելի և հաղթահարման ենթակա երևույթներով հանդերձ, մեր զինված ուժերը պատվով կատարում են հայրենի սահմանների պաշտպանի առաքելությունը և արժանիորեն հանդիսանում են հպարտության աղբյուր Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիների համար:
Օրերս ազգային բանակի հաղթական պատմության մեջ գրվեց ևս մեկ ինքնազոհ սխրանք. անսպասելի հարձակման ենթարկված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, գործելով գրագետ, սառնասրտորեն և արիաբար, ծանր վիրավոր վիճակում շարունակել էր դիմադրությունը` հնարավորություն տալով զինակիցներին կազմակերպվել և թշնամուն ետ շպրտել`պատճառելով մեծ կորուստներ:
Իմացյալ իր մահով Արմենը փառահեղ օրինակ ցույց տվեց բոլոր հասակակիցներին և հավաստեց, որ թեև կան դասալիքներ ու զինվորական ծառայությունից խուսափողներ, բայց հայ երիտասարդությունը, բացարձակ գերակշռությամբ, պատրաստ է ու կարող է Արցախյան ազատամարտի հերոսների արժանի հերթափոխ կազմել` պաշտպանեով հայրենի սահմանների անձեռնմխելիությունը, հայոց պետությունների խաղաղությունը և հայ ժողովրդի ստեղծագործ առօրյան:
Փա՛ռք Արմեն Հովհաննիսյանին
Փա՛ռք Հայոց բանակի զինվորներին
Փա՛ռք հայկական երկու Հանրապետություններին