Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի՝ Գյումրիում գտնվող պապական տունը մի քանի օր առաջ գողեր են մտել և տարել՝ ինչ հնարավոր է։ Պատգամավորը հաստատեց Tert.am-ի ունեցած այս տեղեկությունը։
«Երեք օր առաջ Գյումրու մեր տունը, որտեղ ես գրանցված եմ, թալանել են ամբողջությամբ, ինչ հնարավոր է՝ տարել են։ Տարիների ընթացքում տատիկիս ու պապիկիս աշխատած ամբողջ ունեցվածքը տարել են՝ նկարներ, գորգեր, անգամ՝ սպասքը, ընդ որում՝ ոչ միայն տոնական, այլ նաև՝ առօրյա»,-ասաց նա և տեղեկացրեց, որ տանը մարդ չի եղել, քանի որ մի քանի ամիս է, ինչ տունը չի բնակեցվում։
Նաիրա Կարապետյանը չկարողացավ ասել, թե գումարային ինչքան վնաս են կրել։
«Այս պահին դժվարանում եմ ասել՝ գումարային ինչ վնաս ենք կրել, ավելի շատ հոգեբանական ծանր իրավիճակ է, որովհետև դա այն տունն է, որտեղ ես մեծացել եմ, որտեղ իմ մանկությունն է անցել։ Անգամ մեկ բաժակը, որ տարել են, ինձ համար թանկ է, քանի որ հիշողություններ կան՝ կապված այդ իրերի հետ»,-ասաց նա՝ նշելով, որ տունը դեռ անցյալ դարասկզբից իր գերդաստանին է պատկանում։
Մանրամսները tert.am-ում: