Երգիչ Հայկոյի ֆեյսբուքյան էջում հայտնվել է իր եւ երգչուհի Էմմիի լուսանկարը: Հայտնի արտիստները լուսանկարվել են Հայկոյի ձայնագրման ստուդիայում: Araratnews.am կայքի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` պարզելու, թե ինչ նոր աշխատանքի են ձեռնամուխ եղել վերջիններս:
— Հայկոյի ձայնագրման ստուդիայում նոր երգիս հետ կապված աշխատանքներ են տարվում: Արդեն բազմիցս խոսել եմ երգի մասին: Կոմպոզիտորն Արման Ղազարյանն է, խոսքերի հեղինակը` Սիլվա Հակոբյանը: Տեսահոլովակը նկարահանելու ենք այս ամսի 24-ին եւ 25-ին, ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը: Երգը կոչվում է` Սիրելով հեռանում եմ:
Araratnews.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ արդյոք երգը խորհրդանշում է երգչուհու հոգեվիճակը, ինչին Էմմին պատասխանեց.
— Չէ, ուղղակի երգ է, որի շուրջ համատեղ աշխատել ենք: Ստացվել է շատ գեղեցիկ, ինչ-որ չափով` մի քիչ տխուր երգ: Կարծում եմ, որ շատերի կյանքում է հնարավոր այն ամենն՝ ինչ կներկայացնենք տեսահոլովակի միջոցով:
Երգչուհուց պարզեցինք նաեւ, որ նա վերջերս է վերադարձել հայրենիք եւ այժմ զբաղվում է նոր երգերի ձայնագրություններով: «Սիրելով հեռանում եմ» երգի տեսահոլովակն աստղային թիմը կներկայացնի մարտ ամսին: Ի դեպ, նշենք, որ երգի երաժշտության կոմպոզիտոր Արման Ղազարյանը հանրահայտ եւ սիրված դերասան Աշոտ Ղազարյանի որդին է:
Մ. Մ.