Պուրուս անունով 10 տարեկան կապիկը, որն ապրում էր Լայպցիգի «Հալլե» կենդանաբանական այգում, աքսորվել է Չեխիա: Բանն այն է, որ կարճ ժամանակում Պուրուսը հասցրել է 50 ձագ ունենալ: Հենց այս պատճառով էլ գերմանական այգու աշխատակիցները որոշել են հրաժարվել պտղաբեր այս կենդանուց:
Սկյուռայի կապիկ Պուրուսը, որը Գերմանիա էր բերվել 2009 թվականին, 5 տարի շարունակ ապրել է 25 էգերի հետ: Ուրիշ որձ նրանց մեջ չի եղել: Արդյունքում, յուրաքանչյուր էգ լույս աշխարհ է բերել առնվազն 2 ձագ: Մասնագետները մտահոգություն ունեն, որ Պուրուսի ձագերը շուտով կսկսեն «մերձենալ» մեկը մյուսի հետ, ինչը կարող է հանգեցնել գենետիկ խնդիրների և հիվանդությունների:
Սակայն Պուրուսը մտահոգվելու առիթ չունի, քանի որ Զլին քաղաքի կենդանաբանական այգում նա կրկին շրջապատված կլինի բազմաթիվ էգերով: