Այսօր Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով հայ-ռուսական էներգետիկ համաձայնագրին, զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանին հարց է ուղղել՝ պարզելու համար արդյոք հայ-ռուսական համաձայնագրով փորձ չի արվում ռուսական կողմի վերահսկողության տակ թողնել էներգիայի ստացման այլ աղբյուրները, որոնք հնարավորություն կտան Հայաստանին որոշակի փոփոխություններ իրականացնել այս շուկայում: Պատգամավորը մասնավորապես նշեց համաձայնագրի այն կետը, որը վերաբերվում էր էներգիայի ստացման այլ աղբյուրներին, որի հնարավորությունը Հայաստանը ունի և այն կարող է նվազեցնել ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի օգտագործումը:
Միքայել Մելքումյանը պատասխանել է. «Շատ ճիշտ է ձեր հարցադրումը, որվհետև «Գազպրոմի» հետ կնքված համաձայնագրի 7-րդ կետի համաձայն դրված է պահանջ, որը ես քաղաքական եմ համարումˋ պահպանել ստատուս քվոն: Այսինքն, հիմա ինչ իրավիճակ որ կաˋ 20 տոկոս մեր բաժնեմասի հանձնումից հետո պետք է պահպանվի: Դա նաև վերաբերվում է էլեկտրաէներգիայի օգտագործմանը և ստացման աղբյուրներին»։ Այնուհետեւ ավելացրել է, որ «այս դեպքում մենք, եթե փորձենք էլեկտրաէներգիայի ստացման այլ աղբյուրներ զարգացնել, ապա պետք է հաշվի առնենք ռուսական կողմի պահանջները և, եթե անգամ, արտադրենք էլեկտրաէներգիա, ապա պետք է առաջին հերթին սպառենք ռուսների վերահսկողության տակ գտնվող աղբյուներից ստացվող էլեկտրաէներգիան: