Այս գիշեր ավարտվել է հրադադարը, որն ընդդիմության միջամտությունից հետո հաստատվել էր ոստիկանության և ցուցարարների միջև։ Կեսգիշերին մոտ սկսվել են բախումները Կիևի Գրուշևսկու փողոցում, որը վերջին օրերի բախումների հիմնական թատերաբեմն է։
ՈւՆԻԱՆ գործակալության տեղեկություններով՝ լսվել են կրակոցներ, գործի են դրվել ձայնային ռումբերը, ցուցարարները նետել են մոլոտովի կոկտեյլներ, ինչպես նաև կրկին սկսել են այրել անվադողեր։
Բախումների ժամանակ ցուցարարների թիվը գերազանցել է 15 հազարը։ Հաղորդվում է նաև վիրավորների մասին, որոնց շտապ օգնության մեքենաները տեղափոխել են հիվանդանոց։ Բացի այդ, ոստիկանության կողմից աշխատել են ջրցան մեքենաներ, որոնք փորձել են հանգցնել անվադողերը։