Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՌԴ իր կոլեգա Նիկոլայ Պատրուշևին նամակ էր գրել, որով խնդրել էր հեշտացնել ՌԴ մեկնող մեր հայրենակիցների համար պահանջվող պայմանները, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան երկար ժամանակ մնալ ՌԴ ում։ Զարմանալի է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը ուղղակի կերպով նպաստում է արտագաղթին, միաժամանակ փաստում, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում իր հարյուր հազարավոր քաղաքացիներին ապահովել աշխատանքով, ու նրանք ստիպված են աշխատանք գտնել այլ երկրում: Օրեցօր աճող ժողովրդի դժգոհության ֆոնին այս քայլը կարելի է դիտել որպես ուղղակի հնարավոր հեղափոխության վիժեցման փորձ՝ ընդվզող մասսային Հայաստանից դուրս հանելու միջոցով: Միաժամանակ կարելի է փաստել, որ նման դեպքն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, քանի որ աշխարհում բազմաթիվ են երկրները, որտեղ գնալն, անգամ ՀՀ քաղաքացիների համար, մեծագույն խնդիր է, սակայն երբևէ որևէ հայաստանցի պաշտոնյա նման նամակով չի դիմել ասենք ԱՄՆ-ի,Կանադայի կամ Ֆրանսիայի իր գործընկերոջը: Գուցե այս ամենն ուղղակի խա՞ղ է, ցույց տալու համար հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, ցույց տալու համար, որ մեծ եղբայրը իր փոքր եղբայրներին արտոնություն է տալիս ու ավելի լավն է, քան չար ու եղբայրություն չանող եվրոպացիները: