Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով՝ տեսախցիկների արձանագրած խախտումները շատ դեպքերում կարելի է վիճարկել: «Արդեն մի քանի տարի շարունակ տեսախցիկները ավելանում են և քաղաքացիները պետք է ընտելանան այս նոր համակարգին: Իմ տվյալներով՝ 2013թ. մոտ մեկ մլն տուգանք է կիրառվել, որից ¼-ը չի վճարվել: Հավատացեք, քաղաքացիներ կան, ունեն 10-20 վարչական տուգանքի այդ ծանուցումները: Մեր խնդրանքն է, որպեսզի ճանապարհային ոստիկանությանը կից ստեղծվի գանգատարկման հանձնաժողով, որը կվիճարկի վարորդների տուգանքները»:
Տիգրան Հովհաննիսյանը որպես օրինակ նշեց, որ տաքսու վարորդն, ով տեղյակ չէ, որ որոշ տեղերում արգելված է կայանելը, օրական կարող է ստանալ 1-ից ավելի ծանուցում: «Առաջարկում ենք, որ այդ հանձնաժողովը քննարկի ու տվյալ վարորդից 50 000-ի փոխարեն 5000 դրամ գանձեն ու զգուշացնեն, որ տվյալ տեղերում կայանելն արգելվում է»,- առաջարկում է նա: