Կորեական լրատվամիջոցները տարածել էին տեղեկատվություն, որտեղ ներկայացրել էին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 7 օր վերականգնողական կուրսեր է անցել իրենց երկրի թանկարժեք առողջարանային կենտրոններից մեկում: Նրանք նաև ներկայացրել էին, որ Սերժ Սարգսյանի ու նրա խմբի բուժումը արժեցել է 185 000 ԱՄՆ դոլար:
Այս միջադեպի կապակցությամբ փորձեցինք լսել Եվրոպայի հայերի միության նախագահ Աշոտ Գրիգորյանի կարծիքը: Պարոն Գրիգորյանը այս քայլը ցինիզմ է համարում և կարծում է, որ ցանկացած եվրոպական երկրում նման նախագահը դատարանի առաջ կկանգներ.«Նախագահի պատասխանը պարզ է, նա հայտարարելու է, որ ծախսերը վճարել են իր մեծահարուստ ընկերները, որը մասամբ ճիշտ է: Բա էլ ինչու էր իր հետ տարել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին (Արա Աբրահամյանը հաշվի մեջ չէ, քնաի որ նա հակառակն է անումˋ փող է մուրում Հայաստանից): Հենց նրանք էլ վճարած կլինեն ահռելի ծախսերը, որը ընդանուր առմամբ կազմած կլինի 300-400 հազար դոլար: Չհաշված այն, որ «երիտասարդացած» նախագահը նոր էներգիայով իր բախտը փորձած կլինի կորեական խաղատներում և Աստված գիտե, թե որքան թեթևացած կլինի պետբյուջեն տանուլ տված գումարներով: Ցանկացած եվրոպական երկրում, թե նախագահը, թե վարչապետը արդարադատության առաջ կանգնած կլինեին նման ցինիկ պահվածքի համար: «Սա Հայաստանն է և մեր օրրանն է» երգում են երգիչները և ՀՀԿ-ականներն էլ կրկնում են ցինիկաբար: Իսկ ժողովուրդը արձագանքում է ոտքերով և խիստ է արձագանքումˋ շուտով մեկ միլիոն կդառնանք»: