տուն Լուրեր Առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները զորակոչվում են բանակ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները զորակոչվում են բանակ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

144
0

2013 թ. դեկտեմբերի-2014 թ. հունվար ամիսներին հայտարարված զորակոչը ևս ուղեկցվել է առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչման արատավոր գործելակերպով։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

 

Վերջինս արձանագրել է մասնավորապես հետեւյալ խնդիրները.

 

—  բժշկական հանձնաժողովներում բուժզննություն անցնող զորակոչիկներին եւ նրանց հարազատներին առավոտից մինչ ուշ երեկո դրսում ցրտին սպասեցրել են, — զորակոչվել են քաղաքացիներ, որոնք ունեն լուրջ առողջական խնդիրներ,

 

— դեռեւս միայն մի քանի օր ծառայության մեջ գտնվող զինծառայողները եւ նրանց հարազատները ահազանգում են, որ  առողջական խնդիրներ ունեցող զորակոչված զինծառայողներից ոմանք` դեռևս ծառայության չանցած,  տեղափոխվել են հոսպիտալ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գնահատմամբ, պաշտպանական գերատեսչությունը զորակոչի կազմակերպման և իրականացման ընթացքում համարժեք ուշադրություն չի դարձնում զորակոչիկների առողջական խնդիրներին։

 

Շարունակվում է ձևական և մակերեսային  մոտեցմամբ բժշկական հետազոտության իրականացման գործելակերպը՝ նպատակ ունենալով ձեւական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը, ենթարկել զորակոչի եւ այդ կերպ համալրել զինված ուժերը:

zin-563x375

«Առողջական խնդիրներ ունեցող, թեկուզ սահմանափակումներով ծառայությանը պիտանի ճանաչված յուրաքանչյուր երիտասարդի զորակոչումը հանգեցնում է զինծառայությանը բնորոշ ավելի խիստ պայմաններում զորակոչված երիտասարդի առողջության վատթարացմանը եւ հանդիսանում է անձի  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։

 

Նման պայմաններում անխուսափելի են առողջական խնդիրների հետևանքով կանոնադրական հարաբերությունների խախտման, ընդհուպ մինչև մահացության դեպքերը, որոնցով նույնիսկ քրեական գործերի հարուցումը չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության կողմից իր քաղաքացիների առջև մարդու իրավունքների պաշտպանության վերցրած պարտականությունների համարժեք ապահովում։

 

Հերթական անգամ, հայտարարելով, որ թե՛ զորակոչի, թե՛ զինծառայության ընթացքում, առողջական խնդիրների հետևանքով զինակոչիկների և զինծառայողների իրավունքների խախտման անմիջական պատասխանատվությունը կրում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը, պահանջում ենք դադարեցնել արատավոր գործելակերպը »,- նշվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ։