Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին ոչ իշխանական ուժերի պատգամավորները անդրադարձան Կենտրոնական բանկի այսօրվա հայտարարությանը, որ եթե այս ամիսների ընթացքում քաղաքացիները պարտադիր կուտակում չկատարեն, ստիպված են լինելու Սահմանադրական Դատարանի որոշումից հետո (մարտի 28-ին) աշխատավարձից պահում կատարել նաեւ չվճարած ամիսների համար:
«Պարտադիրը հանված է: Ցավոք սրտի ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը եզրույթ օգտագործեց, որ պարտաճանաչ գործատուները փոխանցումները կատարում են: Բայց դրանք անպարտաճանաչ գործատուներն են»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրաˋ քաղաքացիների իրավունքը կխախտվի, եթե որեւ է մեկը այդ պահումները կատարի եւ կենսաթոշակային ֆոնդին փոխանցի:
«Իսկապես 10 հազարի սահմանը անցում է, ովեքեր ընտրել են ֆոնդ եւ կառավարիչ, բայց բացարձակ մեծամասնությունը ժողովրդի դեմ է: Դիմում եմ մեր հասարակությանը, որ ձեր իրավունքը խախտում են, եթե առանց ձեր համաձայնության պահումներ են կատարում եւ փոխանցում են այդ ֆոնդերին: Ես կարծում եմ, որ դատարաններում համապատասխան բողոքներ կլինեն եւ մենք սկզբունքորեն կպաշտպանենք մեր քաղաքացիների բողոքները»,-ասաց Հակոբյանը:
ՀԱԿ խմբացության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը անդրադառնալով Կենտրոնական բանկի հայտարարությանը նշեց, որ դա արհամարհանք է Սահմանադրական դատարանի որոշման նկատմամբ:
«Այնպես չէ, որ ՍԴ-ն արհամարհանքի առիթներ չի տվել, տարիներ շարունակ ամեն ինչ արել է, որ իր հեղինակությունը զրոյացնի: Բայց այժմ ամբողջ պետական մեքենան սկում է դիմադրել ՍԴ-ի այդ որոշմանը: Եվ Կառավարությունը, եւ Կենտրոնական բանկը, եւ հարկային տեսչությունը իրենց պահում են այնպես, կարծես ՍԴ-ի որոշումն իրենց համար գոյություն չունի: Սա նույնպես ցույց է տալիս, թե ինչ պետության մեջ ենք մենք ապրում»,- եզրափակեց Զուրաբյանը: