Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրը հռչակվել է 2001թ.-ին՝ Լուքսեմբուրգում, «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից, որի նպատակն էր հանրության ուշադրությունը կենտրոնացնել քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին:
Ամբողջ աշխարհում քաղցկեղը մահվան ամենատարածված պատճառներից է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ, առանց համապատասխան միջամտության 2005-2015թթ. ընկած ժամանակահատվածում քաղցկեղից ավելի քան 80 միլիոն մարդ կմահանա: Ամեն տարի փետրվարի 4-ին ԱՀԿ-ն աջակցում է Քաղցկեղի դեմ միջազգային միությանը այդ հիվանդության դեմ պայքարի միջոցների առաջխաղացման համար: Քաղցկեղի պրոֆիլակտիկան և քաղցկեղային հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի որակի բարձրացումը պարբերաբար դառնում են այդ օրվա քննարկման թեմաները:
Առողջապահության միջազգային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք, իսկ մահացողների ընդհանուր թիվը կկազմի 10 միլիոն: