Օրեր առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվեց սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմը շատ ավելի զոհեր տվեց, սակայն մեզ համար դա չէ կարևորը` մեզ համար կարևոր է մեր զինվորի կյանքը, որը չենք կարող ետ ստանալ անգամ, եթե սպանենք բոլոր ադրբեջանցի զինվորներին: Մեզ բոլորիս է հետաքրքրում, թե ինչ են այս ամենի մասին մտածում ադրբեջանցիները, արդյոք նրանք արդարացնում են իրենց հրամանատարների և պետության ղեկավարների արկածախնդրությունը: Araratnews.am-ի լրագրողն այս հարցի շուրջ զրուցել է ադրբեջանցի երիտասարդի հետ, ում հետ ծանոթացել է ամիսներ առաջ Մոլդովայի մայրաքաղաքում՝ Արևելյան գործընկերությանը նվիրված համաժողովների ժամանակ: Վերջին օրերի դեպքերի մասին խոսելիս`ադրբեջանցի երիտասարդը վախեցած է եղել և չի ցանկացել խոսել սահմանում կատարվող դեպքերի մասին. «Ցավում եմ, բայց մեզ մոտ էլ սպա է սպանվել: Եվ հետո ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և չեմ ուզում այդ հարցին պատասխանել»,-ասաց նա: Հասկանալի է, որ նա վախենում էր որևէ պատասխան տալուց, քանի որ Սաֆարովին հերոսացնող երկիրը նրան չէր ների ցանկացած պատասխանի համար, որը նրանց քարոզչամեքենայի տրամաբանության շրջանակից դուրս կլիներ: «Ես իրականում ցավում եմ կատարվածի համար: Նորից եմ ասում քաղաքականությամբ չեմ զբաղվում: Մի բան հաստատ գիտեմ, որ ես անձամբ խաղաղություն եմ ուզում»,- եզրափակեց իր խոսքը ադրբեջանցի երիտասարդը: Ի դեպ, վերջինս խնդրեց իր անուն-ազգանունը չհրապարակել: