«Վալեքս» ընկերությունների խումբը, որը տարիներ շարունակ շահագործել է Թեղուտի հանքավայրը, այս տարվանից դադարեցրել է իր աշխատանքները Թեղուտում: Խնդիրն այն է, որ «Վալեքս» խումբը խոշոր պարտքեր ունի «ՎՏԲ բանկին»:
Հիշեցնենք, որ գումարները տրամադրվում էին դանիական պետական արտահանման վարկավորման գործակալության՝ EKF-ի միջով:
2017-ի հոկտեմբերին Դանիայի «Արտահանումների վարկավորման գործակալությունը» իր կայքում հրապարակել էր պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար «ՎՏԲ բանկի» միջոցով «Վալեքս» խմբին տրամադրած շուրջ 62 մլն դոլարի չափով վարկը։ Վարկային նոր միջոցներ չտրամադրելուց հետո «Վալեքս» ընկերությունը դադարեցրեց Թեղուտի հանքավայրի շահագործումը, և 1200 աշխատող մնացին գործազուրկ:
Նշենք, որ տարիներ շարունակ անխնա կերպով շահագործվել էր Թեղուտի հանքավայրը, որն առաջացրել էր բնապահպանական աղետ: Հանքավայրը շահագործվել էր բոլոր կանոնները խախտելով, տարածքը վերածելով բաց պոչամբարի: Դանիական Արտահանումների վարկավորման գործակալությունը նշել է, որ վարկավորումը դադարեցնում է «Վալեքս» ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելու պատճառով:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Թեղուտի հանքավայրը շահագործելու հայտ է ներկայացնում նոր՝ ռուսական ընկերություն: Русская медная компания-ն ցանկանում է ներդրումներ կատարել և շահագործել հանքավայրը, սակայն չի կարողանում հանդիպումներ ունենալ գործող իշխանության ներկայացուցիչների հետ:
Araratnews.am-ի տեղեկություններով` ռուսական ընկերությունը պատրաստվում է մարել «Վալեքս» ընկերության ողջ պարտքը և նոր ներդրումներ կատարել` ընդհանուր 400 միլիոն դոլարի չափով:
Ընկերության ներկայացուցիչներն այս օրերին գտնվում են Հայաստանում` փորձելով հանդիպել Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների հետ: Մինչ այս պահը հանդիպում դեռևս տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ Փաշինյանը մայիսի 24-ին՝ կառավարության նիստի ավարտին, հանձնարարել էր ստուգումներ իրականացնել ընդերքը շահագործող հանքարդյունաբերական 28 կազմակերպություններում: «Մենք չենք կարող ասել, որ մեր ընդերքը փակում ենք և չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ մեր ընդերքի շահագործումը վնասի բնությանը»,- նշել էր Փաշինյանը, հավելելով, որ խնդիրը շատ հստակ է, և հանքարդյունաբերությունը պետք է իրականացվի՝ ՀՀ օրենսդրությունը պահպանելով։
Հարություն Մկրտչյան