Այսօր ռուսական Коммерсантъ պարբերականը հրապարակել է հերթական հոդվածը, որում լայն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտությանը:
Մասնավորապես հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկ է եղել ինտենսիվացնել բանակցային գործընթացը: Աշխատակազմից նաև հաղորդվել է, որ այդ բանակցությունները կարող են սկսվել մոտ օրերին:
Պարբերականի կրեմլյան աղբյուրը հայտնել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտությունն առաջնային խնդիր է համարում և Պուտինը ցանկանում է վերակենդանացնել բանակցային գործընթացը, նպատակ ունենալով լուծել հետխորհրդային ամենահին հակամարտություններից մեկը և եթե ստացվի վերականգնել երկխոսությունը, ապա դրանով Մոսկվան արևմտյան միջնորդներից իր ձեռքը կվերցնի ղարաբաղյան հարցի միջնորդությունը:
Коммерсантъ-ը գրում է, որ հայկական կողմում զգուշավորությամբ են մոտենում հարցին. մեջբերվում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքը, որում նա ասում է, որ առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության հնարավոր չէ հասնել հակամարտության ամբողջական լուծման: Նշվում է նաև, որ ներկայումս ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս է, և նրա շահերը ներկայացնում է Հայաստանը:
Խոսելով Կազանյան փաստաթղթի մասին, հոդվածում նշվում է, որ 2011 թվականին Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները քննարկել են մի ծրագիր, որը ենթադրում էր խնդրի երկարաժամկետ լուծում: Այդ փաստաթղթով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել հայկական զորքերի կողմից վերահսկվող հինգ շրջանները (Ջաբրաիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար, Ֆիզուլիի մի մասը, Աղդամի շրջանը և Լաչինի շրջանից 13 գյուղ) նաև նախատեսվում էր Լաչինի շրջանում միջանցք ստեղծել, որը Հայաստանին կկապեր Ղարաբաղի հետ: Բանակցություններում Ղարաբաղի կարգավիճակի հարցն ամենաբարդն էր, ենթադրվում էր հանրաքվե, բայց միայն փախստականների վերադարձից հետո, բայց վերջին պահին կողմերը չկարողացան կոմպրոմիսի հասնել, նշվում է Коммерсантъ-ի հրապարակած հոդվածում:
Հոդվածում նաև մեջբերում են պարբերականի հայկական աղբյուրներին, որոնք հայտնում են, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկները, իսկ խոսելով Ղարաբաղի շրջակա տարածքների մասին, նրանք ասել են, որ դրանք վերահսկողության տակ են վերցվել միայն ԼՂՀ բնակչության անվտագությունն ապահովելու համար , հավելելով, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարից:
Պարբերականը հայտնում է, որ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին տեղեկատվությունը հրապարակվեց հրադադարի ակտիվ խախտումից երկու շաբաթ հետո և ներկայումս ռուսական կողմը ակտիվ գործողությունների է դիմում՝ քննարկումների տեմպը չթուլացնելու համար, որպես օրինակ բերելով ռուսատանյան տարբեր պաշտոնյաների այցերը երկու պետություններ:
Коммерсантъ-ը նաև մեջբերում է տարբեր փորձագետների , փորձելով վերլուծել Ռուսաստանի գործողությունների հաջորդականությունն և մոտիվացիան: