տուն Տնտեսական «Քվանտ» վարժարանին անշարժ գույք ու հողամասեր կնվիրվեն

«Քվանտ» վարժարանին անշարժ գույք ու հողամասեր կնվիրվեն

214
0

96088

Կառավարության վաղվա նիստում հավանություն է տրվելու մի նախագծի, որով նախատեսվում է «Քվանտ» վարժարանին անհատույց օգտագործման իրավունքով նվիրաբերել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 23/2 հասցեում գտնվող 2334.2 քառ.մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.2776 հա հողատարածքը, «Երևանի Հ. Ավետիսյանի անվան Հ. 74 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող 2859.52 քառ.մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.208041 հա հողատարածքը և Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող 308.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 494.85 քառ. մետր հողամասը:

««Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվը Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է, որը սկսել է գործել 1991թ. սեպտեմբերից, ինչպես նաև առաջին հայկական դպրոցն է, որը 2011 թվականից ստացել է Միջազգային բակալավրիատի (ՄԲ) «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն և ՀՀ կառավարության 01.09.2011թ. թիվ 1335-Ա որոշման համաձայն սկսել է իրականացնել վերոնշյալ ծրագիրը:

«Քվանտ» վարժարանը ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից մեկն է, այլև հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ ՄԲ ծրագրով սովորողները նաև ՄԲ դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու համար:

«Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվը ներկայումս գործում է ՀՀ կառավարության 15.08.2002թ. թիվ 1226-Ա և 05.06.2003թ. թիվ 735-Ա որոշումների համաձայն վարժարանին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացված 2334.2 քառ.մետր մակերեսով Երևան քաղաքի Բագրատունյաց 23/2 հասցեում գտնվող մասնաշենքում, որտեղ հսկայական ներդրումներ են կատարվել անմխիթար վիճակում գտնվող շինությունը նորմալ վիճակի դարձնելու համար»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Հաշվի առնելով, որ ներկայումս ՄԲ ծրագիրն իրականացվում է ընդամենը 390 քառ.մետր մակերեսով տարածքում, որտեղ ուսումնական գործընթացը կարող է իրականացվել մինչև 30 սովորողի համար, ինչպես նաև այն, որ վարժարանը չունի հանրակացարան, միջոցառումների, սպորտային դահլիճներ և ուսումնական այլ անհրաժեշտ տարածքներ, «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝  վերընշված անշարժ գույքը իրեն տրամադրելու համար: Համաձայն ներկայացված ներդրումային ծրագրի, վարժարանը պարտավորվում է առավելագույնը հինգ տարվա ընթացքում իրականացնել առնվազն 97 մլն. դրամի ներդրումներ: