տուն Հասարակություն Բժիշկ Բժշկական անկյուն. Փսորիազ կամ թեփատու որքին

Բժշկական անկյուն. Փսորիազ կամ թեփատու որքին

1379
0

psoriaz-6

Մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որն ուղեկցվում է ցանով ու թեփոտությամբ: Սա ամենատարածված մաշկային հիվանդությունն է.  դրանով տառապում է երկրագնդի  ամբողջ  բնակչության շուրջ 4%-ը:

Հիվանդության առաջին արտահայտությունները կարող են ի հայտ գալ թե 4 ամսական երեխայի և թե զառամյալ ծերունու մոտ, սակայն առավել հաճախ փսորիազով հիվանդանում են 21-42 տարեկանները: Վիճակագրություն կա, որի համաձայն, որքան վաղ տարիքում է այն ի հայտ եկել, այնքան ընթացքը ծանր է լինում ու ավելի  հաճախակի է կրկնվում: Իսկ տարեց հասակում փսորիազը միահյուսվում է ծերացող օրգանիզմի մյուս հիվանդությունների հետ, ինչպիսիք են` արյան բարձր ճնշումը, աթերոսկլերոզը, լյարդի ցիրոզը, նևրոզները ևն, որոնք, իրենց հերթին նպաստում են  թեփատու որքինի զարգացմանը: Մինչ օրս  փսորիազի  առաջացման պատճառները լրիվ ուսումնասիրված չեն ու դրա համար էլ այն մարդկության ամենահանելուկային հիվանդություններից մեկն է համարվում:

Հիվանդությունը կարող է առաջանալ երբ ասես ու ինչից ասես։ Այն կարելի է բուժել անընդհատ, սակայն այդպես էլ լրիվ առողջացման չհասնել և հակառակը։ Երբեմն հիվանդությունն անցնում է ինքն իրեն` առանց հատուկ բուժման:

Փսորիազը բարդ քրոնիկ հիվանդություն է, անհայտ ծագմամբ, բազմազան արտահայտման ձեւերով ու կրկնվող ընթացքով:

Փսորիազի դեպքում մաշկի վերին շերտն ավելի արագ է մեռուկանում, քան առողջ մարդկանց մոտ: Մաշկի նորմալ վիճակի դեպքում բջիջները հասունանում են 25-30 օրում, իսկ փսորիազի դեպքում այդ պրոցեսը տևում է  5 օր: Այն ունի ամառային ու ձմեռային  ձևեր ու հիմնականում ախտահարում է գլխի մազածածկ հատվածը, արմնկային ու ծնկահոդային մասերը, սրբոսկրի հատվածը, սակայն կարող է արտահայտվել նաև մարմնի այլ մասերում:

 

psoriaz-simptomyi-lechenie-morem

Հայտնի են փսորիազի հետևյալ ձևերը.

-թերթավոր

-գլխի մազածածկույթի փսորիազ

-կաթիլանման

-եղունգների փսորիազ

-ափերի ու կրունկների

-փսորիատիկ  էրիթրոդերմիա

-արթրոպաթիկ, արտաքիրտային փսորիազ:

Ինչպես նշվեց, փսորիազը քրոնիկ բնույթ ունի:Բուժումը սկզբնական շրջանում  ենթադրում է   խնայող դեղորայքի ու մեթոդների կիրառում, իսկ հետագայում` հիվանդության զարգացմանը համապատասխան, հնարավոր է  փոփոխություն լինի բուժման մեթոդներում, ու այլ միջոցներ ձեռնարկվեն: Բուժման նպատակը դրական արդյունք ստանալն է, որպեսզի մաշկային ցանն անհետանա ու հնարավորինս երկարաձգվի դադարի, հանգստի վիճակը:

Հիվանդության բուժումն անհատական մոտեցում է պահանջում` հիվանդության զարգացման ու կրկնության օրինաչափության հաշվառմամբ:

Այս դեպքում հիվանդության պատմությունն օգնում է բժշկին՝ ի հայտ բերելու օրինաչափությունը, կրկնությունը` կապված այս կամ այն  գրգռող գործոնի հետ.վարակ, տարվա եղանակ, նյարդային գերլարում ու այլ պատճառներ:

Բժիշկ  Ա.Վարդանյան