տուն Քաղաքական Հայաստան Փոփոխություններ` հակաճգնաժամային 1-ին միջոցառման մեջ

Փոփոխություններ` հակաճգնաժամային 1-ին միջոցառման մեջ

216
0

Կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց, որ փոփոխություններ են կատարվել հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ կատարված փոփոխությունների նպատակը ներդրումների խթանումն է, սակայն գործարար համայնքը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին:

Կատարված փոփոխություններն առավել մանրամասն ներկայացրեց փոխվարչապետ  Մհեր Գրիգորյանը:

«Մինչև օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ. մինչև 250 մլն դրամ վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էին մինչև 1 տարի ժամկետով: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը, որ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա հնարավորություն կստանա հավելյալ սուբսիդավորվել 400 մլն դրամի չափով և 36 ամիս ժամկետով, որը շատ էական է,- ասաց Մհեր Գրիգորյանը, ապա հավելեց,- այն էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100 մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ 500 մլն դրամին համարժեք սուբսիդավորում` 48 ամսվա համար: Սա լրջագույն խթան է: Եթե պարզ հաշվարկ անենք, տնտեսվարողի տարեկան խնայողությունը 500 մլն դրամի սուբսիդիայի մասով, ապա դա, ըստ էության, իր 1-2 տարվա շահն է, որը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այս կանոնով մեկ հայտ  արդեն բավարարվել է, ևս երկու հայտ քննարկման փուլում է: