տուն Քաղաքական Հայաստան Փաշինյանի ընտանիքը դուրս է եկել զբոսանքի ու համոզվել՝ կանոնները չեն պահպանվում

Փաշինյանի ընտանիքը դուրս է եկել զբոսանքի ու համոզվել՝ կանոնները չեն պահպանվում

188
0

ՀՀ վարչապետը պատմեց, որ փողոցում քայլելիս տեսել է խմբերով կանգնած մարդկանց, և եթե նույնիսկ մեկ վարակակիր մարդ լիներ, 10-15 հոգի վարակվելու էին:

 Հաշվի առնելով պարետի որոշումը, որով թույլատրվում է զբոսնել ընտանիքի անդամներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը երեկ երեկոյան դուրս է եկել զբոսնելու ու արձանագրել՝ դրսում ահագին մարդ կա:

ՀՀ վարչապետն իրենց զբոսանքի մասին պատմեց կառավարության այսօրվա նիստում՝ հետևություն անելով, որ վարակից խուսափելու համար կառավարության ու պարետատան պահանջած պարտադիր պայմաններն ակնհայտորեն չեն պահպանվում:

«Եթե մենք, այնուամենայնիվ, չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլև հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու: Ես քայլում էի ու տեսնում` մարդիկ նույնիսկ խմբերով էին կանգնած։ Եթե այդտեղ նույնիսկ մեկ վարակակիր մարդ լիներ, ակնհայտորեն այդ 10-15 հոգին վարակվելու էին»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում մայիսի 4-ից հետո սահմանափակումների որոշ արգելքներ հանելու ու տնտեսական գործունեության որոշ տեսակներ վերաբացելու մասին կառավարության հայտարարած մտադրությանը՝ վարչապետը հայտնեց, որ սոցիալ-տնտեսական առաջացած խնդիրները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա:

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և հետևաբար չենք կարող մի տարի փակված ռեժիմով ապրել: Ոչ միայն մենք չենք կարող, այլև աշխարհի ոչ մի երկիր չի կարող»,- ասաց նա:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն էլ կարևորեց, որ տնտեսվարողներն ապահովեն անվտանգության բոլոր ամենախիստ միջոցները, որպեսզի պարետատունը ստիպված չլինի վերադառնալ նախկին ռեժիմին ու անգամ սահմանել շատ ավելի խիստ սահմանափակումների ռեժիմ: