տուն Հասարակություն Վրաստանի քաղաքական գործիչները շնորհավորում են հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Վրաստանի քաղաքական գործիչները շնորհավորում են հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ

117
0

Վրաստանի քաղաքական գործիչները շնորհավորել են ազգությամբ հայ քաղաքացիներին Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության ֆեյսբուքյան էջում շնորհավորանք է հղել հայ քաղաքացիներին, ստորև ներկայացնում ենք գրառումն անփոփոխ.

«Շնորհավորում եմ մեր բոլոր հայ քաղաքացիներին, ովքեր այսօր Սուրբ Ծնունդ ու ջրօրհնեք են նշում: Խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին:

Մեր ժողովուրդների միջև սիրո և բարեկամության հիմքում դարեր են և մենք միասին կշարունակենք կառուցել մեր երկիրը:

Շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարին»:

Շնորհավորական ուղերձ է հղել նաև Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին.

«Թանկագին համաքաղաքացիներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ` ցանկանալով խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն: Թող այս օրն ամենայն բարիք բերի Ձեր ընտանիքներին և համայն Վրաստանին: Ցանկանում եմ, որ 2020 թվականը հատկապես հաջող տարի լինի ու յուրաքանչյուրիս մեծ երջանկություն բերի:

Մեր գլխավոր խնդիրն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ էթնիկ կամ կրոնական պատկանելիության, մեր ընդհանուր հայրենիքում լինի հավասար ու ներգրավված երկրի կյանքում: Սա է այն գլխավոր սկզբունքը, ավանդույթը, որը բոլորի հպարտությունն է»,- հայտարարել է Ցիխելաշվիլին:

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարության ներկայացուցիչն էր այցելել նաև Թբիլիսիի հայ առաքելական առաջնորդանիստ սբ. Գևորգ եկեղեցի: Բացի այս, հայ համաքաղաքացիներին եկեղեցում շնորհավորել են նաև ընդդիմության ներկայացուցիչները:

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում հղեց իր շնորհավորանքը.

«Ուզում եմ շնորհավորել մեր հայ համաքաղաքացիներին: Սուրբ Ծնունդը կապված է կյանքի ստեղծման, սիրո հետ, ցանկանում եմ նրանց առողջություն, երջանկություն: Միասին պայքարենք մեր երկրի միասնականության համար»: