տուն Հասարակություն Իրավական Արդյոք Հրայր Թովմասյանն իրավունք ունի արձակուրդում լինել

Արդյոք Հրայր Թովմասյանն իրավունք ունի արձակուրդում լինել

210
0

Եթե անձը շարունակում է պաշտոնավարել ոչ որպես նախագահ, այլ՝ դատավոր, արձակուրդն իրացնելու խոչընդոտ չկա: Araratnews.am-ին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախկին նախագահի եւ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի արձակուրդ գնալու մասին խոսելիս:

Նա հիշեցրեց`սահմանադրական փոփոխություններով դադարեցվել է Հրայր Թովմասյան նախագահի, բայց ոչ դատավորի կարգավիճակը: «Սահմանադրական փոփոխություններով ավարտվում են Հրայր Թովմասյան նախագահի, բայց ոչ դատավորի լիազորությունները: Իսկ Սահմանադրական դատարանի (ՍԴ) այն դատավորները, որոնց լիազորությունները դադարել են, նրանց արձակուրդ գնալու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց պարոն Շաթիրյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` ՍԴ դիմելուն, իրավաբանն ասաց` նախ անհասկանալի է ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը: «26, 27 բառախաղից արհեստածին օրակարգ ունենալ, հանրության ուշադրությունը սեւեռել դրան: Պետք է  հասկանալ նաև ինչ հարցով են դիմել ՍԴ. Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության, թե՞ սահմանադրական լիազորությունների հետ կապված վեճի հարցով: Եթե խոսքը վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների համապատասխանությունը որոշելու հարցով ՍԴ դիմելուն, ասել եմ բազմիցս` նման հնարավորություն Սահմանադրությունը չի նախատեսում: Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ-ը պարտավոր էր ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի այն որոշեր այդ նախագծի դրույթների համապատասխանությունը: Թե ինչու չի ուղարկել, դա  այլ հարց է: Իսկ արդեն ընդունված, հրապարակված, ուժի մեջ մտած փոփոխությունները որեւէ սուբյեկտ իրավասություն չունի դիմել Սահմանադրական դատարան` համաձայն ՍԴ-ի 168, 169-րդ հոդվածների: Կարևոր նրբություն էլ կա` եթե սա դիտարկենք որպես օրենք, թե՛ սահմանադիրը, թե՛ օրենսդիրը հստակ տարբերակում են «սահմանադրական փոփոխություններ» եւ «օրենք» եզրույթը: Ուստի, օրենքի սահմանադրականության հարցով կարող են դիմել ՍԴ, բայց ընդունված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով` ոչ»,- մանրամասնեց իրավաբանը: 

Էդգար Շաթիրյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից երկու օրենքերի սահմանադրականությունը որոշելու հարցով ՍԴ դիմելու հարցին: «Սահմանադրական փոփոխությունները հրապարակել է ԱԺ նախագահը, ոչ թե ՀՀ նախագահը, այսինքն` այլեւս նրա ստորագրման անհրաժեշտությունը չկա: Եթե այդ օրենքի սահմանադրականության համար են դիմելու, դիմող սուբյեկտի առումով խնդիր չկա: Կա եւս մի այլ հարց: Եթե ԲՀԿ-ը դիմել է սահմանադրական մարմինների միջեւ իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի հարցով,  այսինքն` վեճ, երբ դիմող կողմը ԱԺ խմբակցությունն է, պատասխանող կողմը` ԱԺ-ը, սա լրիվ այլ հարց է: Այս վեճի կոնտեքստում ՍԴ-ը կարող է անդրադառնալ վիճարկվող լիազորությունների իրականացման ընթացքում ընդունված իրավական ակտի սահմանադրականության հարցին` այն մասամբ կամ ամբողջությամբ հակասահմանադրական ճանաչելու»,- ասաց մեր զրուցակիցը: 

Իրավաբանական գիտությունների թեկնածուն հիշեցրեց` այսօրվանից ուժի մեջ են սահմանադրական փոփոխությունները, ուստի ունենք նոր իրողություն: «Եթե տեսականորեն ԲՀԿ-ի դիմումը մուտքագրվի ՍԴ, նախ պատգամավորների 1/5-րդի խնդիր կա, որը ձեռնպահ կմնամ մեկնաբանել: Բացի այդ` որքանով է առարկայական այս հարցն այս փուլում արծարծելը, ինչու դիմումը չէին ուղարկում ՍԴ 2-3 օր առաջ: Հիմա կարող են ասել` ստորագրություն չկա, բայց սա հիմա քաղաքական հաշվարկների տիրույթում է»,- հռետորական հարցեր հնչեցրեց մեր զրուցակիցը: 

Էդգար Շաթիրյանն ասաց, որ ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ուղարկելու նախագիծը քվեարկությամբ մերժվել է,  ու ԱԺ կանոնակարգ օրենքում էլ հստակ չէ՝ նախագծի մերժման դեպքում հարցն ինչպես է քննվելու: Սա կարևոր ու գուցե նաև օրենսդրական բաց է: Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցը, ըստ իրավաբանի, ՍԴ-ում կարող է ներկայացնել ԱԺ-ը: 

Եթե Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են, ինչպե՞ս են քննելու ԲՀԿ-ի դիմումը: Հարցին ի պատասխան՝ իրավաբանն ասաց. «Դիմումը կարող են քննել, բայց տեղյակ չեմ`դիմումի առարկան որն է: ՍԴ-ում պետք է լինի աշխատանքային խորհրդակցություն նիստից առաջ, որոշվի դիմումի ընդունելիության հարցը, նշանակվի գործի քննություն: Սահմանադրությունը նախատեսում է նշված բոլոր հարցերով, որ ՍԴ-ը որոշում պետք է ընդունի ձայների ընդանուր թվի մեծամասնությամբ: Իսկ այս պահին ունենք ոչ թե 9-ը, այլ 6 ՍԴ անդամ: Բացի այդ` այս պահին ՍԴ-ը չունի նախագահ, ուստի պետք է նախագահ ընտրի իր կազմից 6 տարի ժամկետով: Մյուս կողմից՝ դիմումի առարկայի, սուբյեկտի որոշակիացման խնդիրն էլ կա: Այս ամենը համադրելով՝ ինձ համար, անկեղծ ասած, միանշանակ չէ, որ ՍԴ-ում դիմումը կքննվի»:

Հիշեցնենք` ԱԺ-ի որոշմամբ դադարեցվել են Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահի եւ եւս երեք անդամի` Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի լիազորությունները: ԲՀԿ-ն էլ հայտարարել է`դիմելու է ՍԴ-ը վիճարկելու ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը։ Խմբակցության 25 պատգամավորներին միացել էր նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Մինչդեռ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավոր: Բանն այն է, որ, ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը պետք է ներկայացված լինի 132 պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից, որը հավասար է  26.4-ի։ ԲՀԿ-ի դիմումը, փաստորեն, 26 պատգամավոր է ստորագրել, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել: Իշխանությունը պնդում է, որ դիմումը պետք է ստորագրած լինի 27 և ոչ թե 26 պատգամավոր։

Հ.Գ. Հետաքրքիր է, որ արձակուրդում է երեկվանից նաև Արևիկ Պետրոսյանը, որին սահմանադրական փոփոխություններն ընդհանրապես չեն վերաբերվում: Չվիճարկելով նրա արձակուրդում լինելու իրավունքը, այնուամենայնիվ, փաստենք` այս պատահականությունը փոքր-ինչ տարօրինակ է: 

Սոնա Դավթյան