տուն Քաղաքական Հայաստան Ռուսաստանն այնքան միամիտ չէ, որ ինչ-որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար...

Ռուսաստանն այնքան միամիտ չէ, որ ինչ-որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար Հայաստանի հետ իր հարաբերությունները վատացնի. Արթուր Մելիքյան

473
0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ մի բարոյական իրավունք չունի  մեղադրել իշխանություններին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը «սարքած» կամ շինծու են։ Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար Արթուր Մելիքյանը։

«Լավ հիշում ենք, երբ որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը եղավ, նույն կերպ դատախազը մտավ ԱԺ՝ Սասուն Միքայելյանին և մի քանի այլ պատգամավորների ազատությունից զրկելու միջոնրդություն ներկայացնելու։ Այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լուռ լսում էր, թե օրվա իշխանություններն ինչ էին ասում։ Իսկ այսօր, այս կուսակցությանը չի հաջողվելու Գագիկ Ծառուկյանին նկատմամբ հարուցված քրեական գործերը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում»,-նշեց Մելիքյանը։

Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստանի ներքին գործերին, քանի որ և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան և՛ Ամերիկան շատ լավ գիտակցում են, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, ոչ բռնի թավշյան հեղափոխություն. «Այսօրվա՝  ժողովրդի 70 տոկոս ձայների միջոցով ընտրված իշխանության հետ ոչ ոք չպետք է «վերադաս-ստորադաս»-ի սկզբունքով խոսի»։

Ըստ Մելիքյանի՝ ՌԴ-ն և ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակների վերաբերյալ հայտարարություններ չեն անի․ «Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ուղղված «Единая Россия» կուսակցության հայտարարությանն, ապա պետք է նշեմ, որ այդ երկու կուսակցություններն, այսպես ասած, համարվում են «եղբայր» կուսակցություններ, ու «Единая Россия» կուսակցության հայտարարությունը ես նորմալ ու բնական եմ համարում»։

«Ամեն դեպքում, կարծում եմ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը պետք է մեծ դերակատարություն ունենա՝  հավուր պատշաճի ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզի Ռուսաստանում միակողմանի ու սխալ ինֆորմացիա չտարածվի, քանի որ այստեղ կան «ուժեր», որոնք կփորձեն մինչև Կրեմլի չորրորդական մարդկանց ներկայացնել, որ Հայաստանը ոչ ռուսամետ քաղաքականություն է վարում»,-ընդգծեց Մելիքյանը։

Խոսելով Ռուսաստանում հայկական համայնքի կարկառուն ներկայացուցիչներից՝ Մելիքյանը նշեց, որ այո, այսօր կան շատ մարդիկ, «խմբավորումներ», որոնք շատ լավ հարաբերությունների մեջ են եղել Հայաստանի նախկին իշխանությունների հետ, ու վերջին 2 տարիների ընթացքում նրանցից ոչ ոք որևէ հայտարարությամբ հանդես չի եկել՝ խոսելով Հայաստանում կատարված հեղափոխության մասին, փորձելով ներդրումներ բերել Հայաստան․ «Ռուսաստանում հայ համայնքի նախագահը, դեսպանատան մի շարք աշխատողներ կապակցված են Հայաստանի նախկին, հանցագործ իշխանությունների հետ, ունեն իրար հետ անցյալ ու բնականաբար, նրանք կփորձեն որոշակի ճնշումներ գործադրել, կփորձեն Հայաստանի վերաբերյալ սուտ լուրեր տարածել։ Այս ամենին դիմագրավելու համար անհրաժեշտ է ՀՀ կողմից պետական մակարդակով միջամտություն, մասնավորապես՝ ՀՀ ԱԳՆ պետք է փորձի դեսպանատանը, դիվանագետներին վերահսկողության տակ պահի, որպեսզի Կրեմլին միայն ու միայն օբյեկտիվ ու ճիշտ լուրեր հասնեն։ Ցավոք սրտի, ես դեռևս դա չեմ տեսնում»։

Մելիքյանը հավելեց. «Ամեն դեպքում, կարծում եմ, Ռուսաստանն այնքան միամիտ չի, որ ինչ-որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար Հայաստանի հետ իր հարաբերությունները վատացնի։ Կարող է թվալ, թե հարաբերությունները վատանում են, բայց եթե լուրջ քայլեր կատարելու ժամանակը գա, վստահեմ եմ՝ Ռուսաստանը ոմանց համար Հայաստանի հետ իր հարաբերությունները չի վատացնի»։