տուն Հասարակություն Առողջապահություն Պաշտպանը Մանվել Գրիգորյանի՝ արտերկրում բուժում ստանալու հարցով դիմել է առողջապահության նախարար Արսեն...

Պաշտպանը Մանվել Գրիգորյանի՝ արտերկրում բուժում ստանալու հարցով դիմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

129
0

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց:

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ Գրիգորյանը գտնվում է հիվանդասենյակում, սակայն նրան միացված են վերակենդանացման բաժանմունքի հատուկ սարքավորումներ, որոնց առկայության պայմաններում նրա տեղափոխումը տեխնիկապես հնարավոր չէր: Պաշտպանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանք՝ տրված Վաղարշապատի շտապօգնության անձնակազմի կողմից, որում նշված է կանչը եւ արձանագրված ախտորոշումները:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ երեկ դատարան է ստացվել պաշտպանի դիմումը, որը հասցեագրված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին (դատարանին ներկայացվել է դրա վերահասցեագրված տարբերակը): Դիմումի բովանդակությունը դատավորը չհրապարակեց՝ նշելով, որ այն վերաբերում է Գրիգորյանի վատառողջ լինելուն, արտերկրում բուժում անցնելու անհրաժեշտությանը եւ դրա հետ կապված խնդիրներին: Դիմումի մեկ օրինակն էլ պաշտպանն ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գրիգորյանի բացակայության պայմաններում դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 7-ին:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ բժշկական էպիկրիզները փաստել են, որ հիվանդությունների աճ է արձանագրվել, եւ ժամանակին Գրիգորյանին բուժած ֆրանսիացի բժիշկը տվել է մասնագիտական կարծիք առ այն, որ նրա բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել. «Բազմիցս բարձրաձայնել եմ, որ սա դիտում եմ խոշտանգում, որովհետեւ անձին հնարավորություն չի ընձեռվում ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն, եթե Հայաստանում բժիշկները կարողանային բուժումն իրականացնել, անձը չէր գտնվի անդամալույծի կարգավիճակում, այսօր կունենայինք նորմալ պրոցես, եւ նա կգար, արժանապատվորեն նիստերին կմասնակցեր»:

Մեր հարցին, թե առողջապահության նախարարին ուղղված դիմումով ինչ ընթացք են ակնկալում, Բաղդասարյանը պատասխանեց. «Արձանագրել եմ առկա իրավիճակը, իրազեկել այդ մասին նախարարին, որպեսզի համապատասխան հետեւություններ անեն եւ օրենքով սահմանված ընթացք տան»: Հարցին, թե դատաքննության շարունակական հետաձգումների ելքն ի վերջո որը պիտի լինի, Բաղդասարյանը պատասխանեց. «Պետք չէ մութ սենյակում ման գալ սեւ կատու, որը չկա, եւ պետք չէ սարքել խնդիր, հետո փորձել այն լուծել: Անձն իրավունք ունի բժշկական օգնության, որից պետք է նրան թույլատրեն օգտվել»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Մինչ այդ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի պատճառը Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նոր տեղեկություններն էին: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: