տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Սիրանուշ Օհանյան (ԵՊՀ, ՀՀ ՊԿԱ, Հանրային կառավարում)

Ուսանողը. Սիրանուշ Օհանյան (ԵՊՀ, ՀՀ ՊԿԱ, Հանրային կառավարում)

26
0
Սիրանուշ Օհանյան

AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ Հանրային կառավարում կրթական ծրագրի մագիստրոս Սիրանուշ Օհանյանն է:

Սիրանուշ Օհանյան

Սիրանուշ, Հանրային կառավարումը որպես գիտակարգ ո՞ր գիտությունների շարքին կարող ենք դասել:

Գիտեք, ամբողջովին հանրային կառավարումը ներառել որևէ գիտության շրջանակներում հնարավոր չէ, առավելապես վերջին տարիներին, երբ այն ինքնուրույն զարգանալու միտում ունի: Այնուամենայնիվ, առնչությունները շատ են քաղաքագիտության հետ: Վիլսոնն ասում էր, որ հանրային կառավարման գիտությունը` քաղաքագիտության վերջին նվաճումն է, որը մոտ 2200 տարվա պատմություն ունի, ուստի այն այնքան հին է, որքան ինքը՝ պետությունը:

Ի՞նչ եք կարծում. հայաստանյան իրականության մեջ հանրային կառավարման և առհասարակ միջազգային հարաբերությունների վերաբերյալ եղած պատկերացումները իրականում համապատասխանու՞մ են այն դերին, որին այդ գիտակարգերը ծառայում են:

Առհասարակ կրթության ու այսօր մեր բուհական համակարգում ներդրված մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումները հասարակության կողմից ոչ միշտ են իրատեսական ու հստակ: Շատ դիմորդներ մինչ տվյալ ֆակուլտետն ու բաժինը նշելը երկար չեն մտածում՝ չորս տարի անց որքանո՞վ եմ մրցունակ լինելու հայաստանյան աշխատաշուկայում: Եվ սա մասնագիտական կողմնորոշվածության բացն է, որը խնդիր է մեր երկրում, և ես կարծում եմ, որ սրա լուծումը դեռ հանրակրթության տարիներին պետք է տալ:

Ինչ վերաբերում է հենց հանրային կառավարմանն ու միջազգային հարաբերություններին, նշեմ, որ շատերը ընդունվելիս իսկապես պատկերացում ունեն՝ ինչ ասել է հանրային կառավարում և միջազգային հարաբերություններ, շատերն էլ ցավոք՝ ոչ: Վերջերս թեզիս շրջանակներում սոցհարցում էի իրականացրել ու հարց էի ուղղել՝ արդյո՞ք հարցվածներն աշխատում են իրենց մասնագիտությամբ. ավելի քան 48 տոկոսը նշել էր՝ ոչ: Կարծում եմ՝ մտահոգիչ թիվ է:

Սիրանուշ Օհանյան

Ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք կատարել համալսարանական կրթության ոլորտում՝ այն ավելի մրցունակ ու պրակտիկ դարձնելու համար:

Առհասարակ հակված եմ այն մտքին, որ մեր կրթահամակարգում փոփոխությունների կարիք միայն բարձրագույն կրթությունը չէ, որ ունի: Իսկ մրցունակ քաղաքացի ձևավորելու համար փոփոխությունները պետք է սկսել դեռ նախադպրոցական կրթությունից: Այն, որ մենք ունենք կրթական համակարգ՝ հրաշալի է, սակայն մենք ունենք առաքելություն այդ կրթահամակարգը դարձնելու մրցունակ մեր ու մեր սերունդների համար, գրավիչ օտարերկրյա ուսանողների համար և ի վերջո, մենք ունենք ներուժ արտահանելու մեր կրթությունն ու այդ միջոցներն ուղղելու կրթության զարգացմանն ու որպես տնտեսության ճյուղ կրթության ամբողջապես կայացմանը:

Համալսարանական կրթության ոլորտում առաջնային կխոսեմ մասնագիտությունների արդիականացման մասին: Խորապես հարգելով յուրաքանչյուր մասնագիտության տեղն ու դերը հայկական կրթության մեջ՝ նշեմ, որ դրանցից շատերն այսօր հին են ու չեն համապատասխանում այժմյան աշխատաշուկայի պահանջներին: Այստեղ կարիք կա ընդլայնելու գործատուների հետ շրջանակը՝ կրթական կառուցվածքը կառուցելով գործատուների պահանջները հաշվի առնելով: Ոչ պակաս կարևոր է այն, որ մեզ մոտ խնդիր կա պրակտիկ մասի պակասի: Ուսանողների գիտելիքները պետք է լինեն հստակ չափելի, քանզի գաղտնիք չէ, որ աշխարհն այսօր գնում է ոչ թե պահանջված մասնագիտությունների, այլ պահանջված հմտությունների հետևից:

Ըստ Ձեզ, համալսարանական կրթության ընթացքում ի՞նչ հիմնական խնդիրների է բախվում ուսանողը, որոնք խոչընդոտում են նրա բնականոն ուսումնական գործընթացին:

Օլյա, կարծում եմ, այս հարցը ինձ ուղղելիս քեզ մոտ էլ, ինչպես և իմ, առաջինը պատկերվեց երկրորդ հերթի խնդիրը, քանի որ ձեր ամբիոնն էլ մեր ամբիոնի հետ ստիպված էր դասի գնալ երկրորդ հերթով: Իսկ սկսելով դասերը 14:30՝ մենք այդ շրջանում չունեինք հնարավորություն բնականոն հունով ստանալու մեր կրթությունը և ինչու՞ ոչ, սկսելու մեր աշխատանքային գործունեությունը:

Սիրանուշ Օհանյան

Հանրային կառավարման բաժնի շրջանավարտն ավելի շատ իրավագիտական, քաղաքագիտական, թե՞ տնտեսագիտական գիտելիքներ է ձեռք բերում:

Հանրային կառավարումն իսկական միքս է: Մի կողմում իրավական մոտեցումն է, քանի որ հանրային ծառայողը ենթակա է իրավական պետության և մայր օրենքի պահանջներին ու դրանց իրացմանը, ուստի իրավագիտական գիտելիքները պարտադիր են: Մյուս կողմից՝ քաղաքական մոտեցումն է, ինչը ենթադրում է, որ կառավարողների և կառավարվողների շահերն ընդհանուր են, և յուրաքանչյուրը պատասխան է տալիս մյուսի համար: Իսկ տնտեսական մոտեցման պարագայում առնչությունն այն է, որ հանրային կառավարման հիմնական արժեքներից են արդյունավետությունը,  խնայողությունը և սոցիալական պատասխանատվությունը: Արդյունքում, կարծում եմ, ակնհայտ է այս երեք գիտակարգերի հավասար կարևորությունը հանրային կառավարման մեջ և սրանց վերաբերյալ ապագա հանրային կառավարիչը պետք է ունենա շոշափելի գիտելիքներ:

Սիրանուշ Օհանյան

Մի փոքր կխոսե՞ք ՀՀ ՊԿԱ-ում Ձեր թեզի թեմայի ընտրությունից: Հետազոտությունը կատարելիս ի՞նչ հիմնական եզրակացությունների եք հանգել:

Սա իմ ամենասիրելի թեման է վերջին շրջանում: Մագիստրոսական թեզիս թեման է  «Կրթական համակարգի կատարելագործումը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական գործոն (ՀՀ օրինակով)»:  Կրթությունն ամենուր է, անգամ այնտեղ, ուր մեր պատկերացումներում այն լինել չէր կարող: Կրթության դերը վիթխարի է գրեթե բոլոր ասպեկտներում, ու արդյունքում շահում են այն պետությունները, որոնք գիտակցում են կրթության կարևորությունը, քանի որ կրթության ձախողումը երկարաժամկետ հեռանկարում, առաջ է բերում սոցիալական և ֆինանսական շատ ավելի բարձր ծախսեր հենց պետության համար: Առհասարակ, կրթությունը մեծ դեր ունի լուծելու և կայունացնելու պետության ռազմավարական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կայուն տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, ազգային անվտանգությունը, ժողովրդավարական հասարակության ստեղծումը,  գիտելիքահենք հասարակության կայացումը: Ինչպես գիտենք, մեր երկրում շարունակում է բարձր մնալ աղքատության մակարդակը, ինչը պայմանավորված է աշխարհում և մեր երկրում բռնկված պանդեմիայով, ցավոք, կարծում եմ առաջիկայում խորացում կապրի: Եզրակացությունս հստակ է՝ պետք է քայլեր իրականացնել կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացման համար՝ ընդհուպ այն առավել հասանելի դարձնելով նաև աղքատ տնային տնտեսությունների անձանց համար, քանի որ կրթությունը կարող է լինել ընտանիքներին աղքատության ցիկլից դուրս բերելու համար անհրաժեշտ ռեսուրսը: Եվ ի վերջո, այսօր տնտեսության զարգացման հիմքը մարդն է, որն ունի գիտելիքներ, որն ունի հմտություններ և տիրապետում է տեխնոլոգիաների:

Սիրանուշ Օհանյան

Համոզված եմ, որ ՀՀ ՊԿԱ-ի Ձեր կուրսում եղել են մագիստրանտներ, ովքեր իրենց բազային կրթությունն այլ ուղղությամբ են ստացել: Ի՞նչ եք կարծում. հատկապես ո՞ր ոլորտների շրջանավարտների համար է ավելի նպատակահարմար մագիստրատուրան հանրային կառավարման ուղղությամբ շարունակել:

Իհարկե, իմ կուրսում 29 ուսանողներից երկուսն են բազային կրթությամբ հանրային կառավարիչ եղել: Միանշանակ պատասխանել չեմ կարող, այնուամենայնիվ կնշեմ քաղաքագետ, իրավագետ, կառավարիչ մասնագիտությունները: Ես ինքս արմատական մասնագիտական փոփոխության կողմնակից չեմ, եթե հանենք մի քանի «եթե»-ներ: Վկայությունն այն է, որ թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսի աստիճանս հանրային կառավարում կրթական ծրագրով է: Առա՜ջ Աստված, առաջիկայում ուսումս շարունակելիս կրկին պլանավորում եմ շատ չհեռանալ իմ մասնագիտությունից:

Որո՞նք են այն ոլորտները, որտեղ կարող է իր մասնագիտական գործունեությունը ծավալել ԵՊՀ-ում և ՀՀ ՊԿԱ-ում Հանրային կառավարում ուսանած անհատը:

Կարծում եմ՝ ինձ ճանաչելով գիտես, որ առաջինը պետական ապարատն եմ նշելու: Սակայն այս մասնագիտությունը թույլ է տալիս աշխատել նաև մասնավոր հատվածում՝ մարքեթինգ, մենեջմենթ: Եթե ունես կազմակերպակառավարչական հմտություններ ու մասնագիտությամբ հանրային կառավարիչ ես, կարող ես հիանալի արդյունքներ գրանցել մասնավոր հատվածում: Կուրսընկերներիցս շատերն արդեն իրենց գտել ու առաջ են գնում մասնավոր հատվածում: Ինքս ի սկզբանե ինձ տեսել եմ միայն պետական ապարատում ու այդպես էլ եղավ:

Սիրանուշ Օհանյան

Ի՞նչ առարականեր եք ուսումնասիրել ՀՀ ՊԿԱ-ում: Կարծում եմ, որ ապագա մագիստրանտներին այդ հարցը շատ կհետաքրքրի:

Պետք է նշեմ, որ և՛ մայր բուհում, և՛ ՀՀ ՊԿԱ-ում ուսանելու տարիներին ուսումնասիրել եմ շատ կարևոր առարկաներ, լսել հրաշալի ու իրենց ասպարեզում կայացած անհատների դասախոսություններ:

ՀՀ ՊԿԱ-ից նշեմ պարոն Աշոտ Զալինյանին, որը դասախոսել է «Հանրային կառավարման հիմնախնդիրներ» առարկան, պարոն Խոսրով Հարությունյանին, ում դասախոսած «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրները» առարկայի շնորհիվ հստակ ուրվագծվեցին մեր պատկերացումները տեղական ինքնակառավարման հայեցակարգի վերաբերյալ, պարոն Արթուր Սարգսյանին, որը փայլուն դասախոսեց «Աշխատանքի և սոցիալական ապահովության իրավունքը»: Իրականում շնորհակալ եմ ինձ դասախոսած յուրաքանչյուրին՝ իմ կրթական ճանապարհին իրենց ունեցած ներդրումի համար:

Սիրանուշ Օհանյան

Ի՞նչ անձնային որակներ ու հոգեբանական խառնվածք պետք է ունենա ապագա հանրային կառավարիչը:

Ապագա հանրային  կառավարիչը պետք է միանշանակ լինի բարեխիղճ, օբյեկտիվ, բարեկիրթ ու հարգալիր՝ դրսևորելով իր պաշտոնին վայել վարքագիծ՝ հարգելով հավասարապես թե՛ իր վերադասներին, և թե՛ ենթականերին:

Վերջում, անկախ մեր զրույցի թեմայից, հաշվի առնելով մեր երկրում տիրող իրավիճակը՝ ուզում եմ խաղաղ ծառայություն մաղթել հայրենիքի գինն իմացող մեր զինվորներին ու սպաներին: Մեր քաջ եղբայրների արիությամբ ու հայուհու աղոթքով թո՜ղ խաղաղ բացվեն Հայոց աշխարհի արշալույսները: Ուզում եմ մեծապես կարևորենք կրթությունը՝ հիշելով, որ կրթությունը սկսվում է նախակրթարանից ու շարունակվում դպրոցում, այնուհետ բուհերում, բայց չի ավարտվում անգամ բուհում, քանզի կրթությունը մի գործընթաց է, որը պետք է մարդուն ուղեկցի ամբողջ կյանքում: Եվ հենց կրթությամբ ու մրցունակ քաղաքացիներ ձևավորելով՝ բացենք նոր դռներ ու նոր հեռանկարներ Հայաստանի Հանրապետության զարգացման ու բարեկեցության համար:

Օլյա Շահինյան