տուն Հասարակություն Իրավական Որեւէ հիմք չկա բանկային գաղտնիքի մասին օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչել. իրավաբան

Որեւէ հիմք չկա բանկային գաղտնիքի մասին օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչել. իրավաբան

228
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ սահմանադրականությունը վիճարկելու: Օրենքը, սակայն, առաջացրել է նախկին իշխանության դժգոհությունը: Նրանց կարծիքով՝ սա մարդու իրավունքի խախտում է: Արդյոք այդ հայտարարությունը հիմնավորված է,  արդյոք օրենքը հակասահմանադրական կճանաչվի, Araratnews.am-ը զրուցեց իրավաբանական գիտությունների թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ:

Պարո՛ն Շաթիրյան, մեր պետությունն ի՞նչ կշահի  «Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումից, արդյոք սրանով հնարավոր կլինի հետ բերել թալանված գումարները: 

Նախ ասեմ, որ Սահմանադրական դատարանի երեկվա աշխատակարգային  որոշմամբ  քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքում, «Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի՝ սահմանադրականության հարցով դատաքննությունը հետաձգվել է: Քննությունը նշանակվել է հունիսի 16-ին: Հիմա բուն հարցի մասին: Կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերով դատարանը պատճառաբանված որոշմամբ պետք է բավարարի նաև որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վեաբերյալ բանկային գաղտնիքի տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու միջնորդությունը: Բայց կարևորում եմ այն հանգամանքը, որ նշված օրենքներով հստակ նախատեսված է, որ խոսքը վերաբերում է դատական կարգով այս տեղեկությունները տրամադրելուն: Ըստ իս՝ բանկային գաղտնիքի ռեժիմը չի մեղմացվում: Հանրապետության նախագահն օգտվել է իր՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից եւ դիմել է դատարան: Սակայն մտահոգիչ է հետեւյալը. վերջերս դատական բարեփոխումների փաթեթում ներառված մի շարք օրենքներով նախատեսվում էր նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին հասանելիություն ոչ իրավապահ մարմնի կողմից: Խոսքս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերաբերում: Տրամաբանական հարց՝ ինչո՞ւ մի փաթեթի սահմանադրականությունը խնդրահարույց լինելու հիմնավորմամբ հանրապետության նախագահը ուղարկում է Սահմանադրական դատարան, մյուսը՝ դատական բարեփոխումները, որով նախատեսվում է բանկային ռեժիմի ակնհայտ մեղմացում, ստորագրել է: Թեեւ նախագահի հաղորդագրությունում ներկայացվել են հիմնավորումներ, բայց դատական բարեփոխումների փաթեթը նախագահը ստորագրել է: Բանկային գաղտնիքի մասին օրենքի կիրառման ժամանակ կարևորում եմ մասնավոր եւ հանրային շահերի արդյունավետ հավասարակշռության ապահովումը: Այսինքն՝ պետք է իրավական այնպիսի կառուցակարգեր ներդրվեն, որպեսզի իրավապահ մարմինները հնարավորություն ունենան արդյունավետորեն իրացնել իրենց լիազորությունները:

Արդյոք նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնց անվան հետ են կապվում պետական միջոցների վատնման լուրեր, ճիշտ են, երբ ասում են՝ բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը մարդու իրավունքի խախտում է: Վախենո՞ւմ են, որ օրենքի փոփոխությունից հետո պարզ կլինի, թե ինչպես են կուտակել իրենց միլիոնները: 

Հարցին անդրադառնանք երկու տեսակետից՝ ներպետական եւ հանրապետության սահմաններից դուրս բանկային հաշիվներ, դրանց շարժին վերաբերող տեղեկություն: Նման հասանելիություն վերապահել են նաև ոչ իրավապահ մարմնին՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Բայց թե գործնականում հանձնաժողովն ինչպես է իրացնելու այդ լիազորությունը, անհասկանալի է, եթե չասեմ՝ անիրացվելի է: Ներպետական հարթության մեջ ողջամտորեն դժգոհություն կարող է լինել, չնայած չեմ ցանկանում հարցին քաղաքական ասպեկտով պատասխանել, որովհետեւ բանկային ռեժիմի գաղտնիքը խաղուպար չէ, բանկային գաղտնիքի համար նախատեսված են բարդեցված ընթացակարգեր, այդ թվում՝ արտասահմանյան պետություններում, բայց մյուս կողմից՝ սա հաղթաթուղթ չպետք է դարձնել եւ շարունակ աղմել, թե բանկային գաղտնիքի տեղեկությունների հասանելիություն չպետք է ունենան իրավապահները: Այստեղ կարևոր է հանրային եւ մասնավոր շահի ողջամիտ հավասարակշռությունը, որն ապահովված է օրենքների փաթեթում:

Փաստորեն, եթե պահպանված է հավասարակշռությունը, անհասկանալի է՝ ինչու է նախագահը դիմել Սահմանադրական դատարան՝ բանկային գաղտնիքի մասին օրենքի սահմանադրականությունը վիճարկելու:

Այո: Բանկային գաղտնիքի տվյալները տրամադրվելու էին բացառապես դատարանի որոշմամբ, մինչդեռ վերջերս ընդունած օրենքների փաթեթում՝ դատական բարեփոխումների մասին է խոսքը, նախատեսում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առանց դատարանի  որոշման հիման վրա հասանելի դարձնել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին:

«Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը պետք է քննվի Սահմանադրական դատարանում, որի կազմը չփոխվեց  կորոնավիրուսի վարակի պատճառով: Արդյոք ՍԴ-ը կարող է հակասահմանադրական ճանաչել փոփոխությունները, եւ եթե այո, ապա իշխանությունը իրավական ինչ քայլերի պատրաստ լինի: 

Սահմանադրական դատարանը կարող է այդ փոփոխությունների դրույթները ամբողջությամբ կամ մասամբ ճանաչել սահմանադրական կամ հակասահմանադրական: Չեմ ցանկանում մտնել Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասության տիրույթ, բայց որպես իրավաբան այդ դրույթները հակասահմանադրական ճանաչելու որեւէ նախադրյալ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է իշխանության քայլերին, հարցը լրիվ քաղաքական է, ուստի քաղաքական գնահատական տալ չեմ ցանկանում՝ որպես իրավաբան:

Սոնա Դավթյան