տուն Քաղաքական Հայաստան Շաբաթվա ստերը. 06-12 հուլիս

Շաբաթվա ստերը. 06-12 հուլիս

218
0

Սոցիալական մեդիան, տպագիր մամուլն ու ամբողջ համացանցը ողողված են մեկը մյուսին գերազանցող ստահոդ, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածող նյութերով: 

Լրատվական արտադրանքն սպառող հասարակությանը օգնելու, հավաստի տեղեկատվություն տրամադրելու նպատակով էլ Araratnews.am լրատվականը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել Շաբաթվա ստերը նախագիծը:

Եվ այսպես՝ այս շաբաթ անդրադարձել ենք մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե իբր ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանն ու նրա երկու տեղակալները թաթախված են կոռուպցիոն գործերի մեջ: Մեր աչքից չի վրիպել նաև «Հանրապետական կուսակցության» կարկառուն ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի «Մայր Աթոռի» վերակառուցման վերաբերյալ ստահոդ ֆեյսբուքյան գրառումը, ինչպես նաև մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե, իբր, Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ չի եղել Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների այցից և  իբր  կորոնավիրուսի դեմ պայքարում հայ բժիշկներին օժանդակելու նպատակով Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկները 1800-ական եվրո են ստացել իբրեւ աշխատավարձ։

#սուտ

Մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել: Բացի այդ, Արման Սարգսյանն Առաջին հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է 51 հատ անվանական զենքով, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով:

#Ճիշտ

ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ, որպես խրախուսանք, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով զենքով պարգևատրվել է ոստիկանության 7 ծառայող: Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ:

#սուտ

«Հանրապետական կուսակցության» կարկառուն ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով պնդել էր, թե աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարի վերակառուցման աշխատանքները կանգնել են, քանի որ կառավարությունը տաճարի շինարարության ծրագիրը չի ճանաչել որպես բարեգործական՝ դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների արագ կատարումը:

#Ճիշտ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսել էր, թե ինչ փուլում է տաճարի վերակառուցման աշխատանքները:
«Այս պահին իրականացվում են Մայր տաճարի տարածքի բարեկարգման աշխատանքները, արևմտյան զանգակատան ամրակայումը, վեղարի շինարարական աշխատանքներն ավարտված են, օրերս խաչը տեղադրվեց, հարավային, հյուսիսային և արևելյան զանգաշտարակների վրա կատարվող շինարարական աշխատանքներն ավարտված են: Հարավայինը վերակառուցվել է ամբողջությամբ: Տոկոսային հարաբերությամբ աշխատանքների մոտ 50 տոկոսն է կատարված»,- ասել էր Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերը նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մայր տաճարի շինարարական աշխատանքները բարեգործական են ճանաչվել դեռ փետրվարին:

#սուտ

Անցնող շաբաթվա ընթացքում տարածված սուտ տեղեկություններից մեկն էլ վերաբերում էր Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների այցին: Մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ չի եղել Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների այցից։

#Ճիշտ

Ֆրանսիայի կառավարությունը ոչ միայն տեղյակ էր ֆրանսիացի բժիշկների Հայաստան այցի մասին, այլ նաև ինչ-որ փուլում ներգրավված է եղել այդ աշխատանքներում։ Այդ մասին լրատվականներից մեկի հետ զրույցում ասել էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը մի հասարակ փաստ ներկայացրեց, որն ապացուցում է, որ Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է եղել այցելությունից․

«Երբ ժամանեց բժիշկների առաջին խումբը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ միասին դիմավորեցինք նրանց։ Արդեն այնտեղ խոսակցություն տեղի ունեցավ երկրորդ թիմի այցելության մասին։ Ես խոսեցի դեսպան Լաքոտի հետ և խնդրեցի, որպեսզի երկրորդ թիմի ֆինանսավորման հարցում մեզ օգնեն, քանի որ առաջին թիմի այցելությունը լիովին ֆինանսավորում էին USAID և ԱՄՆ-ի դեսպանատունը։ Իմ դիմումից հետո դեսպան Լաքոտը 36-48 ժամվա ընթացքում կապվեց մեզ հետ և ասաց, որ Ֆրանսիայի կառավարությունը ստաձնում է թիմի այցելության ծախսերը»։ Իսկ Ֆրանսիացի բժիշկների 1800-ական եվրո աշխատավարձի հետ կապված տեղեկություններին Փարիզի Կոշեն հանրային հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ալեքսանդր Մինյոնը ասել էր, որ սրտխառնոց առաջացնող լուր է, մեզնից ոչ մեկը չի վճարվել:

 Araratnews.am լրատվականը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել մամուլում շրջանառվող կեղծ տեղեկատվությունը և ներկայացնել իր ընթերցողներին`բերելով հակափաստարկներ:

Հայկ Մագոյան