տուն Հասարակություն Իրավական ՄԻԵԴ-ը հայ գերի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ Ադրբեջանից պահանջել է միջոցներ ձեռնարկել

ՄԻԵԴ-ը հայ գերի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ Ադրբեջանից պահանջել է միջոցներ ձեռնարկել

74
0

Եվրոպական դատարանը 22.07.2020 թ. բավարարել է Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը` տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020 թ. դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց.

1) ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար,

2) հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին,

3) միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ,

4) Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը,

5) կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան:

Եվրոպական դատարանը 22.07.2020 թ. բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին մեր դիմումը և պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները.

1) տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին,

2) տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան), և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից,

3) հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին,

4) նշանակվե՞լ է արդյոք փաստաբան.

5) Արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ:

Դատարանը նաև առաջնահերթություն է տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:

Հիշեցնենք, որ օրերս՝ 08.07.2020 թ. Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը (30 տարեկան, ամուսնացած, ունի երկու տղա, ապրում է ծնողների, եղբոր հետ, զբաղվում է անասնապահությամբ, ունի շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն) Գորայք, Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ և չէր վերադարձել: Մի քանի օր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, ապա 15.07.2020 թ. համացանցում տարածվել էր Նախիջևանում տեսագրված տեսանյութ, որտեղ Ն. Սարդարյանը կադրի ետևից իրեն ուղղված հարցերին պատասխանում է, պատմում է՝ ինչպես է սպիտակ կտոր ծածանելով հանձնվել ադրբեջանի զինվորականներին ու որ ինքն Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ հանձնել երրորդ երկրի»,- հայտնել է Արտակ Զեյնալյանը: