Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Ձեզ ենք ներկայացնում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորական ընտանիքի անդամներին:
Թագուհի Ռանիա
Հորդանանի թագավորի կինը`Ռանիա ալ-Աբդուլան, երբեւէ գահ բարձրացած ամենաերիտասարդ թագուհին է: Հորդանանի բնակիչները թագուհուն շատ են սիրում: Նա ամեն օր պարտադիր որոշ ժամանակ հատկացնում է իր կայք այցելողների հետ շփմանը: Թագուհին իր անհատական էջերն ունի Facebook, Instagram, Twitter սոցիալական կայքերում, որտեղ հրապարակումներն իրականացվում են երկու լեզվով`արաբերեն և անգլերեն:
Հորդանանում նրան անվանում են «սրտերի հորդանանյան թագուհի»՝ համեմատելով արքայադուստր Դիանայի հետ։ Նրա անթերի ճաշակը գնահատում են ամբողջ աշխարհում, իսկ նրա հանդերձանքների ու տեսքի մասին խոսում են բոլորը։ 2003 թ. Ռանիան արժանացել է «Էլեգանտության՝ աշխարհի թագուհի» տիտղոսին:
Թագուհի Ռանիան մասնագիտությամբ իրավաբան է: Նա զարգացնում է կանանց իրավունքները, որպեսզի արաբ կանայք կարողանան մասնակցել երկրի կյանքին, ակտիվ պայքարում է երեխաների բռնության դեմ:
Արքայադուստր Իման
Արքայադուստր Իման բինտ ալ-Աբդուլահը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի և թագուհի Ռանիայի ավագ դուստրն է: Արքայադուստրը 23 տարեկան է: Իմանը սովորում է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում:
Խիստ դաստիարակությունը թույլ չի տալիս աղջկան հաճախակի հայտնվել հանրության առաջ, սակայն նա ժամանակ առ ժամանակ մոր հետ բարեգործական միջոցառումների է այցելում:
Արքայադուստր Սալմա
Հորդանանի պատմության մեջ իր հետքն է թողել թագավոր Աբդալլահ 2-րդի եւ Ռանիա թագուհու կրտսեր դուստրը: 19-ամյա արքայադուստր Սալմա բինթ ալ-Աբդալլան դարձել է իր երկրի առաջին կին-օդաչուն:
Արքայադուստրն ավարտել է Ամմանի միջազգային ակադեմիան եւ Թագավորական ռազմական ակադեմիան, որտեղ, ի դեպ, ուսանել են նաեւ բրիտանացի արքայազններ Ուիլյամը եւ Հարրին:
Արքայազն Հուսեյն
Աբդալլահ 2-րդի եւ Ռանիա թագուհու որդին` արքայազն Հուսեյնը, 26 տարեկան է: Նա ավարտել է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիան: Հուսեյնը արդեն պաշտոնապես հռչակվել է թագաժառանգ, սակայն զույգը խախտել է արքայական ավանդույթը եւ այդ մասին պաշտոնապես հայտարարել է, երբ տղան դարձել է 15 տարեկան, եւ ոչ թե նրա 11-ամյակին, ինչպես ընդունված է։
Արքայազն Հաշեմ
Արքայազն Հաշեմը Աբդալլահ 2-րդի եւ Ռանիա թագուհու չորրորդ երեխան է: Նա 13 տարեկան է: