տուն Հասարակություն Կրթություն ՀՅԴ ուսանողական միության կեսից ավելին լքել է միության շարքերը

ՀՅԴ ուսանողական միության կեսից ավելին լքել է միության շարքերը

377
0

Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» անդամների կեսից ավելին ինքնակամ լքել է միության շարքերը:

Այս մասին դեկտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին միության լուծարված վարչության անդամները, միությունից մեկուսացված, արտաքսված, նախկին և ներկա ուսանողները:

Ուսանողների մեկուսացման և միությունից հեռացման պատճառ է դարձել այն, որ վարչությունը հրաժարվել է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցելու` Դաշնակցության Գերագույն մարմնի հրահանգը:

«Վարչությունն իրավունք է ունեցել մասնակցելու հոկտեմբերի 31-ի կուսակցության ժողովին: Մասնակցել ենք վարչության հինգ անդամներից չորսս, և վերջնական հրահանգի համաձայն պետք է ժողովի արդյունքների մասին տեղյակ պահեինք ուսանողական միության մնացած անձնակազմին: Որպես իրազեկման միջոց վարչության կողմից ընտրվել է ընկերային հավաքի տարբերակը, որը նշանակվեց նոյեմբերի 6-ին, բայց հավաքին նախորդեցին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով տարօրինակ ակցիաները, ինչի մասին տեղեկացանք համացանցից նոյեմբերի 4-ի առավոտյան: Նույն օրը երեկոյան մեզ բանավոր կերպով փոխանցեցին Գերագույն մարմնի որոշումը, որ մենք պետք է մասնակցենք ցույցերին, գնանք ակցիաներին, և լինեինք առաջամարտիկը, քանի որ մենք ենք ուսանողական միությունը, դա մեր ոլորտն է: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ընկերային հավաքը, որտեղ, բացի վարչության հինգ անդամներից, որ դեմ էինք արտահայտվել բողոքի ակցիաներին, ուսանողական միության մեծամասնությունը ևս դեմ էր, և մենք որոշեցինք, որ չենք կատարում Գերագույն մարմնի որոշումը, որի մասին նույն օրը իրազեկեցինք ՀՀ ԳՄ-ին, և հենց մեր որոշումը չկատարելուց երկու շաբաթ անց լուծարվեց իմ գլխավորած վարչությունը, և մեկուսացվեցինք 5-ս՝հնարավորություն չունենալով այլևս մասնակցել կուսակցական կյանքին, մինչև մեր մասին վճիռ կկայացվեր»,- ասաց լուծարված վարչության նախագահ Ռուբեն Սողոյանը:

Կուսակցության ուսանողական միության վարչության լուծարումից հետո կուսակցությունից մեկուսացվել է ևս 7 ուսանող, որին հաջորդել է միության կեսից ավելիի ինքնամեկուսացումը:

«Վարչության լուծարումից 3 օր անց ևս 7 ընկեր մեկուսացվեցին, որից հետո ուսանողական միության մեծ զանգված, որն իր դժգոհությունը հայտնեց մեկուսացումների հետ կապված, ինքնամեկուսացման դիմում գրեց` թվով 43 հոգի: Դրանից հետո, երբ մեզ հեռացրեցին, որոշներին արտաքսեցին, այն մարդիկ, որոնք ինքնամեկուսացման դիմում էին գրել` շուրջ 55-60 հոգի, դիմում գրեցին ուսանողական միությունից դուրս գալու մասին: Միության անդամների թիվը 100-ից մի փոքր ավելի է, կարելի է ասել, որ կեսից ավելի դուրս են եկել շարքերից»,- ասաց Սողոյանը:

Նոյեմբերի 7-ին  մեկնարկել էր ԿԳՄՍ  նախարարության դիմաց  Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջով  որոշ բուհերի  ուսանողների և ՀՅԴ երիտասարդական  թևի ներկայացուցիչների նստացույցը: