տուն Հասարակություն Առողջապահություն ՀՀ նախագահը հանդիպել է Արսեն Թորոսյանի եւ ԲԿ ղեկավարների հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Արսեն Թորոսյանի եւ ԲԿ ղեկավարների հետ

169
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին:

Համավարակային վիճակը

«Ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է եւ՛ վարակվածների թվով, եւ՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, եւ՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, եւ՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, եւ՛, իհարկե, մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար, շատ ցավագին են»:

Արտաքին աջակցություն

«Եթե ես փորձել եմ, եւ փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, եւ այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ եւ ինչպե՞ս: Եթե ես պետք է զանգահարեմ որեւէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձեւակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում:

Իմ առջեւ խնդիր դրեք, թե ինչ եք ուզում:

Մի քանի օր առաջ խոսել եմ Կատարի էմիրի հետ, իր ծննդյան օրն էր, հին բարեկամ է: Մարդը պատրաստ է իր օգնությունն ուղարկել, բայց ես հստակ պետք է ասեմ՝ ինչ եմ ուզում: ԱՄԷ-ի առաջնորդը մեր զրույցի ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Նախարարից խնդրեցի ցանկը, փոխանցեցի, եւ մի հսկա օդանավ նվեր եկավ: Խոսել եմ Սերբիայի նախագահի հետ: Ասաց՝ հիմա մենք կորից իջնում ենք ցած, ահագին ավելցուկ ունենք, ես պատրաստ եմ օգնել: Նախարարին խնդրեցի, ցանկը տվեց, այսօր առավոտյան ինձ պատասխան գրեց, թե որքան կարող են ուղարկել, հիմա մտածում ենք, թե ինչպես: Նույնը՝ Մոնտենեգրոյի դեպքում, փոքր երկիր է, կորոնավիրուս չունեն, ԵՄ-ից գումար է ստացել, ապրանք ունեն, եւ կարծում են՝ կարող են կիսվել»:

Պրոֆեսիոնալ զրույց

«Ես առաջարկում եմ՝ մեր զրույցը լինի պրոֆեսիոնալ, բժշկական: Եթե ամենացավագին բանն ենք ասելու, եկեք ասենք, թող այս սենյակում միակ դիվանագետը լինեմ ես: Դիվանագիտական խոսք ձեզանից ոչ մեկից չեմ սպասում: Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա եւ ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ եւ ինչ պետք է անենք՝ պահելով մեր զրույցի էթիկետը, իրար հանդեպ հանդուրժող լինելով:

Այսօրվա հրատապությունն այն է, որ ունենք վիճակ, եկեք գնահատենք այդ վիճակը եւ տեսնենք՝ ինչպես ենք առաջ գնալու»: