տուն Տնտեսական ՀԲ երևանի գրասենյակի ղեկավարն առաջարկում է Հանքարդյունաբերական պալատ ստեղծել

ՀԲ երևանի գրասենյակի ղեկավարն առաջարկում է Հանքարդյունաբերական պալատ ստեղծել

104
0

հապպի

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին օրերս «Ռիսկերից մինչև պատասխանատու բիզնես» վերնագրով հոդված է հրապարակել Համաշխարհային բանկի կայքում, որտեղ Հայաստանի տնտեսության աճի և արտահանման թիվ մեկ շարժիչ ուժ է համարել հանքարդյունաբերությունը:

«Եթե ինձ հարցնեին, թե որն է Հայաստանի արտահանումից եկամուտների հիմնական աղբյուրն ու միաժամանակ տնտեսության աճի ապահովման ամենաառանցքային ոլորտը, ապա ես կնշեի՝ հանքարդյունաբերությունը: Միաժամանակ ոլորտը տարբեր ռիսկերի ու խոչընդոտների հետ է կապված: Հաճախ աշխարհագրական հետազոտություններն անարդյունք են ավարտվում: Ներդրումները շատ մեծ են և հասնում են հարյուրավոր միլիոն դոլարների: Հնարավոր են գների կտրուկ տատանումներ, ինչպես նաև պետության վարած քաղաքականության և հարկային ռեժիմի փոփոխություններ: Ավելին` կարող են լինել բնապահպանական և սոցիալական բնույթի մասշտաբային ռիսկեր՝ կապված թափոնների առաջացման, պոչամբարների ձևավորման և բնակիչներին նոր բնակավայրեր տեղափոխելու անհրաժեշտության հետ»,- գրել է Ժան Միշել Հապին:

Հապին նշում է նաև, որ մարտի վերջին Հայաստանում «Պատասխանատու հանքարդյունաբերություն» խորագրով կոնֆերանս անցկացվեց, որին մասնակցեցին ընկերությունների, կառավարության, ՏԻՄ-երի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ խոսքն այն կոնֆերանսի մասին է, որի ժամանակ բնապահպանական ակտիվիստները ներխուժեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց և փորձեցին ձախողել այն: Հապին այս մասին չի հիշատակել իր հոդվածում: Փոխարենը նշել է, որ կոնֆերանսն արդյունավետ անցավ: «Կոնֆերանսի ժամանակ տեղ գտած քննարկումը շատ արդյունավետ եղավ, սակայն այն չպետք է լինի ինքնանպատակ: Հուսով եմ, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի շահագրգիռ կողմերի միջև մշտական խորհրդակցությունների գործընթաց մեկնարկել: Հետևաբար ես խորհուրդ կտայի  հիմնել Հանքարդյունաբերական պալատ  (Chamber of Mines)` այս երկխոսությունը ֆորմալիզացնելու և ինստիտուցիոնալիզացնելու համար»,- նշել է ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը:

Հայկ Մանուկյան